Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (75) Դեկտեմբեր 2017

Գրական-Մշակութային

Կորիւն

(Յատուկ Ազատ Խօսքին)

Երկրաշարժ

kraganԵւ ահա կրկին աղէտը եկաւ
Քո շէնը մտաւ, Հայաստա՛ն աշխարհ,
Եւ ահա նորից ազգն իմ հայոց,
Շատ զոհեր տուեց՝ անմե~ղ ու անմե~ղ...
Բայց մի՞թէ կայ արդարութիւն,
Բազմադարեան մեր պատմութեան մէջ
Չեղաւ հայ սերունդ, որ առանց ցաւի
Ապրէր թէկուզեւ կէս դար,
Բայց առանց ցաւի... այն էլ՝ համազգային
Կարծես թէ քիչ էր մեզ բաժին հասած,
Տառապանքները, ցաւերը բազում-
Նենգոտ թշնամի, ջարդ ու կոտորած,
Հարիւր-հազարաւոր գաղթական հայեր
Նոյն 1988 թուին...
Եւ մի նոր աւեր, մի նոր արհաւիրք...
Մեր հողն էլ կարծես մեզ դաւաճանեց,
Շարժուե~ց, դղրդա~ց՝ գոռում-գոչիւնով
Երկրաշարժուե՜ց...
Աւերուեցին շատ քաղաքներ, գիւղեր,
Փուլ եկան բազմաթիւ տներ՝
Փլատակներում թողնելով հայեր,
Տասնեակ հազարներ...
Եւ ընդամէնը-հաշուած վայրկեաններ,
Քարուքանդ դարձան Շիրակը, Լոռին...
Խուլ դղրդիւններ ու փոշէ ամպեր.
Կարծես հեքիաթ էր,
Կամ էլ երազ էր,
Որոնց մէջ՝ չար ու խորամանկ,
Աստուածն էր կռւում բարի աստծու դէմ,
ՈՒ կամ էլ կարծես,Սասնա Ծուռ Դաւիթն
Իր գուրզը նետեց Մելիքի վրայ...
Եւ ընդամէնը՝ հաշուած վայրկեաններ,
Բայց ի~նչ արհաւիրք, ի~նչ աւերակներ...
Ցաւդ շատ մեծ էր,Հայաստա՛ն աշխարհ,
Ցնցւում էիր դու օրեր շարունակ,
Ցաւդ շատ էր մեծ, ժողովու՛րդ հայոց,
Հեկեկում էիր, արտասւում, սգում...
Բայց դա էլ երկար չէր կարող տեւել…
Դու, որ ընդունակ ես ցաւեր տանելու,
Ընդդիմանալու ամէն չարին դէմ,
Ապաքինելու վէրքդ արիւնոտ-
Կանգնեցիր անձայն աղէտի առջեւ՝
Մի քիչ կորացած,
Ախր, այս անգամ ցաւդ շա~տ էր մեծ,
Բայց հոգով արի,
Դու լուռ գնացիր ցաւին ընդառաջ,
Որ սպեղանի դնես քո վէրքին
Եւ ապաքինուես՝
Թողնելով միայն՝ յուշեր սպիացած,
Դառն անցեալից...
Եւ սպիացած ամէն մի վէրքդ,
Իր տեղն է գտնում պատմութեանդ մէջ,
Հայորդիների խորունկ հոգու մէջ
Ու արտացոլւում նրանց աչքերում՝
Տալով ամէն մի նորածին հայի
Աչքերին երանգ, ցոլքեր տխրութեան ,
Որը իւրայատուկ է
Միմիայն հային...
Ցաւդ շատ մեծ էր,Հայաստա՛ն աշխարհ,
Ցաւդ շատ մեծ էր, ժողովու՛րդ հայոց:
Բայց թող դա դառնայ քո վերջին սպին,
Մենք վհատուող չենք, մենք ապրենք պիտի՜...
Կորիւն 
Երեւան,Մատենադարան
28. 03 . 1989թ.
Վերամշակումը՝
Սանկտ պետերբուրգ
4. 12. 2017թ.