Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (75) Դեկտեմբեր 2017

Գրական-Մշակութային

(Յատուկ Ազատ Խօսքին)

Միասնութիւն

kraganԱշխարհը հազար թելերով կապուած է իրար,
Երկինքը միաձոյլ է երկրին,
Արեւը, լուսինը, աստղերը՝ տիեզերքին,
Տերեւը ծառին է մտերմիկ փարուել,
Վայրի ծաղիկները՝ դաշտերին անծիր,
Ջրերն ամփոփւում են կապոյտի մէջ,
Նկարիչն իր վրձնով ձուլւում է գոյներին,
Բանաստեղծը բառերի մէջ է սուզւում,
Մարդը յաւերժօրէն կապուած է բնութեանը,
Ես՝ քեզ, դու՝ անէութեանը,
Ունայնութիւն է՝ անորոշ, անպարագիծ,
Ամեն ինչ միաձոյլ է, զարմանալի ներդաշնակ...
….
Մեղեդին
Կեանքի բոլոր պահերի մէջ իմ ներսում յաւերժական մեղեդիներ են հնչում: Դրանք հնչում են, երբ տխուր եմ լինում, ու թւում է՝ բոլոր ելքերը վերացել են, հնչում են ցնծութեանս պահերին, երբ ուրախութիւնից սիրտս թնդում է, ու թւում է, թէ այս անծայրածիր աշխարհն իմն է: Այդ հնչիւնները միշտ իմ հոգու մէջ են, նուրբ, հոգեթով, բայց նաեւ քնքուշ ու պարզ հնչիւնները, իմ հոգու մեղեդիները: Այդ անզուգական մեղեդիներն ինձ վրայ մոգական ազդեցութիւն են ունենում, տակնուվրայ են անում ամբողջ էութիւնս: Տանում են ինձ դէպի անիմանալի աշխարհներ, ուր ամէն ինչ աստուածային դրոշմ ունի, այնպէս անթերի, այնպէս իմաստաւոր: Ես երկնային երաժշտութեան յաւերժական ուղեկիցն եմ, ու ինձ համար այս կեանքն ինքը մի չընդհատուող հիասքանչ երաժշտութիւն է:
 
ՍՊԱՍՈՒՄ
Օրերն անցնում են, դառնում տարիներ անդարձ,
Ու կազմում են մեր կեանքի շղթան արծաթէ,
Դատարկ է այս աշխարհն իր մեծութեան մէջ.
Սպասման ցաւ է ու արցունքի հեղեղ,
Երկար շրջում եմ ծանօթ ծառուղու արահետով,
Ամէնուրեք կարծես քո հոգուց մի մասնիկ կայ,
Ոչինչ չի փոխուել, ամէն ինչ առաջուայ պէս է,
Տանջալից լռութիւն է ու հոգու տագնապ:
Դու՝ այնտեղ՝առանց ինձ,
Ես՝ այստեղ՝ քեզնից հեռու,
Ու պատռում է կարօտս լռութեան թանձր քօղը,
Խենթութիւն է անհաս, մոռացուած համբոյր:
Կարինէ Մովսիսեան
Հայաստան, Վայոց ձոր