Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (73) Հոկտեմբեր 2017

Գրական-Մշակութային

ՆԱՄԱԿԱՆԻ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐԷՆ


kraganԿորիւն
Ծնուել է 1964թ. Վայոց ձոր մարզի Թառաթումբ գիւղում։ Աննշան մի գիւղ՝ յայտնի իր ստեղծագործ ու հետաքրքիր մարդկանցով։ Աւարտել է ԵՊՀ փիլիսոփայութեան ֆակուլտետը, սակայն նրան աւելի հոգեհարազատ է եղել թափանցել հայոց պատմութեան խորքերը, գտնել մանրամասներ ու նոր փաստեր։ Երկու տարի պատմութիւն է դասաւանդել Եղէգնաձոր քաղաքի թիւ 1 դպրոցում։ Իր բնածին մանկավարժական ձիրքով դարձել է իր սաների սիրելի ուսուցիչը։
Շատերի նման Կորիւն Խաչատրեանը մեկնեց Ռուսաստան՝ ընտանիքի հոգսերը հոգալու համար,սակայն երբեք չկտրուեց իր արմատներից, մնաց հայ մարդ՝ իր մտքով, հոգով ու նուիրումով։ Անցան 30 և աւելի տարիներ....ու մի օր էլ, ինչպէս ինքն է ասում.
» Եկաւ նաև այն պահը, որ զգացի՝ պէտք է վերադառնամ հայրենի տուն։ Աղջիկներս ՌԴ-ում կրթութիւն ստացան, աշխատում են, բայց ես այդպէս էլ հոգով մնացի Հայաստանի հետ»։
Նա աւարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի փիլիսոփայութեան բաժինը...
Հիմա նա Սանկտ Պետերբուգից վերադարձել է հայրենի գյուղ։ Երջանիկ է, որ շնչում է հայոց օդն ու վայելում հայրենիքում վերջնական հանգրուանելու մեծագոյն հաճոյքը։ Նա շատ է ուզում, որ հայերը վերադառնան ու շէնացնեն մեր նախնիների թողած ամենամեծ հարստութիւնը մեզ՝ Հայաստան աշխարհը։
Այդ ամէնը վերածել է չափածոյի և ներկայացնում է ընթերցողին։ /Կ. Մովսիսեան/

Սթափուէ՜ք, հայե՜ր
Մի´ հրապուրուէք արտագնայ կեանքով
Դա ապրել չէ,այլեւ տառապանք է,
Միգուցէ փորին դա հարսանիք է,
Բայց հոգու համար դառնում է դժոխք,
Սթափուէ´ք, հա´յեր,
Ապաւէն կանգնէք մեր հայրենիքին,
Քանզի առանց Հայոց աշխարհի,
Առանց մաշտոցեան ոսկէ տառերի.
Առանց մեր լեզուի և մեր հաւատքի,
Մեր սերունդները էլ հայ չեն մնայ,
Եւ չեն էլ լինի այլազգի մաքուր.
Նրանք կը տանջուեն կիսատ լինելուց,
Եւ կ'ըմբոստանան բառերով անշուք,
Հենց ձեր դէմ, որոնց դուք խանգարեցիք
Լիարժէք ապրել ու խաղաղ լինել,
Սթափուէ´ք, հայե´ր,
Մի ՜մխիթարուէք, մի´ հպարտացէք՝
Օտար երկրում մատուռ կառուցելով,
Խաչքար բերելով մեր հայրենիքից,
Եւ կիրակնօրեայ դպրոց հիմնելով։
Եթէ յիշում էք՝ քանի դար առաջ,
Հեռու-հեռաւոր Ինդոնեզիայում,
Եւ կամ Լեհաստանում կամ Գալիցիայում.
Հայ գաղութներում վանքեր, դպրոցներ,
Ինչքան վարժարաններ հիմնեցիք,
Ո՞ւր են հիմա՝ դատարկ կամ փակուած,
Օտարները մեր խաչը հանել
Իրենց ծէսերն են կատարում այնտեղ,
Քանդում են մեր հրաշք վանքերը՝
Մեր տաշած քարերը մզկիթի վերածելով,
Սթափուէ´ք, հայե՜ր,
Սխալ մի գործէք, խորը մտածէք,
Ձեր սերունդներին դէմ մի՜ գնացէք,
Որ տաղանդաւոր մեր հայորդիները
Սէր չերգեն օտարի լեզուով,
Որ հայրենքի մասին ներբողներում
Միշտ լինի ներկան,ոչ թէ անցեալը,
Սթափուէ´ք, հայե´ր,
Մի´ հրապուրուէք արտերկրեայ կեանքով,
Իսկ եթէ արդէն դուք հեռացել էք,
Ձեր գործով գոնէ միշտ սատար եղէք
Երիտասարդ պետութեանը մեր Հայոց...

Վերադարձ
Մի­՞թէ այդ են պատգամել
Նախնիները մեր հայկազուն.
-Թէ որ կեցդ նեղն է մի քիչ,
Թէ դժգոհ ես իշխողներից,
Թո՜ղ մեր հողը՝ մեր հայրենին,
Մեր ջուրը սառն ու օդը մաքուր,
Ամուր փակի՜ր դուռ ու դարպաս
Պանդխտութեան ճամբան բռնի՜ր...
Մի՞թէ այդ են մեզ պատգամել
Հայոց ազգի մեծ այրերը.
-Թողնել անտէր-անտիրական,
Չմշակուած այգի-պարտէզ,
Մամռակալած շէնքի պատեր,
Անհետ կորած արահետներ,
Դատարկ գոմեր, ծռուած սիւներ,
Մոլախոտով արդէն պատուած
Ու մոռացուած շիրմաքարեր։
Մի՞թէ այդ են մեզ պատգամել
Քերթողները մեր իմաստուն,
Թողնել հայոց դրախտը վեհ,
Դառնալ պանդուխտ օտար հողում,
Խօսել նրանց լեզուներով,
Վանք կառուցել օտար երկրում,
Երգել կարօտ՝ մելամաղձոտ, թախծալի։
Մեր պատմութեան դառն օրերում
Չարքաշ կեանքից ենք դարձել արտագնայ,
Հիմա եկել է պահը յարմար
Լսել պապերի պատգամն անմար.
-Վերադարձէ՜ք Հայոց աշխարհ...
ԿՈՐԻՒՆ