Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (68) Ապրիլ 2017

Գրական-Մշակութային

Մշակո՞յթ, թէ՞ հակամշակոյթ

Դանիէլ Երաժիշտ

kraganԱյժմ մշակոյթի և մասնաւորապէս արուեստի մասին խորհելիս յաճախ տեսիլւում է բանաստեղծի պատկերած այն ծառը, որի սաղարթում հաւքերը բոյն են շինում ու երգում, մինչդեռ ծառը տակից սղոցում են…
Մշակոյթի կենաց ծառը փորձում են կտրել առաւել «բարձր հովանաւորութեամբ»: Ովքե՞ր են այդ վնասատուները, զաւթիչները, կեղեքիչները, բռնակալները:
Անշուշտ՝ նոյն խմորի մարդիկ:
Իմաստունները մարդկանց բաժանում են երկու տեսակի՝ աշխատասէր, սթափ արարողների և սպառողների (սպառնացողների), աւերողների: Ծոյլերը, թոյլերը, ապաշնորհները, վախենալով սովից, մահից, վերածւում են բռնակալների: Ոմանք էլ, համախմբուելով իրենց նմանների հետ, վերածւում են հորդաների և զանազան խմբաւորումների: Դրանք են, որ մշակոյթը, նոյնիսկ կրօնը օգտագործում են որպէս իրենց յանցանքները քօղարկելու միջոց:
Մի դասական օրինակ. 637 թուին Քադիսիայի «սրբազան պատերազմից» յետոյ, արաբ զօրավարները որոշել էին աւարից մեծ բաժին տալ նրան, ով կը կարողանար Ղուրանից գէթ մէկ սուրահ յիշել: Եւ այդքան զինուորների մէջ չգտնուեց և ոչ մէկը…
Մշակոյթը, հոգեւորը անհատին և ժողովրդին վեհացնող ինքնութիւնն է, տարբերանշանը, դէպի երկինք տանող «հրթիռն» է:
Եւ հենց այդ պատճառով է, որ մշակոյթի վերացումը յանգեցնում է այն կրողների վախճանին: Եւ հակառակը՝ մշակոյթը կրողների կամ այդ մշակոյթի պահանջարկի ոչնչացումը, բնականաբար, բերում է մշակոյթի անկման:
Պատմութեան ընթացքում հայ ժողովրդի հանդէպ բազմիցս կիրառուել է թէ՛ մէկը, թէ՛ միւսը:
Կայ մշակոյթի տապալման մէկ այլ միջոց եւս:
Դա մշակոյթի քաղաքականացումն է, այն կցորդ դարձնելը, առեւտրայնացումը, ինչպէս նաև տուեալ ժողովրդին իշխելու, տարրալուծելու նպատակով խորթ մշակոյթի ներմուծումը (ի հաշիւ սեփականի): Եւ դա յաճախ իրագործւում է տուեալ ժողովրդին «լուսաւորելու», «կրթելու» դիմակի տակ, ինչպէս տեղի էր ունենում կոմունիստների օրօք:
Այնուամենայնիւ ոչնչացման ամենակարճ ճանապարհը մշակութային «ինքնասպանութիւնն է», այսինքն՝ տուեալ ժողովրդի ներսից թիկունքին ուղղուած հարուածները, որոնք հասցնում են դաւաճանները: Դա տեղի է ունենում, երբ մշակոյթն օգտագործում են, շահարկում հարստանալու, տնտեսական պայքարի, եսապաշտական նկրտումների իրականացման ընթացքում: Ցաւօք, նման բան այսօր տեղի է ունենում նաեւ աշխարհի ամենամշակութային երկրներից մէկում՝ Հայաստանում:
Կեանքի ծայրայեղ նիւթականացման, հարուստների և աղքատների աննախադէպ բեւեռացման, արտագաղթի պայմաններում, անշուշտ, խաթարւում է մշակոյթի բուն առաքելութիւնը, դիմագիծը: Ճիշտ էր Լեոնիդ Անդրեևը, երբ ասում էր. «Որքան իրերը թանկանում են, այնքան մարդն էժանանում է»: Նիւթականի և հոգեւորի իւրօրինակ կապի մասին «Լիտերատուրնայա գազետա» թերթը ժամանակին կէսլուրջ-կէսկատակ գրել է. «Պահպանեցէք անտառը՝ մեր գրականութեան ապագան»…
Արկադի Ռայկինը ծաղրում էր այն օգտապաշտներին, ովքեր, օրինակ, բալետից որեւէ օգուտ քաղելու համար պահանջում էին պարուհիների ոտքերին յարմարեցնել փոքրիկ սարքեր, որպէսզի գոնէ ելեկտրական հոսանք ստանան… Մեզանում նիւթական բարիքների թալանի կողքին տեղի է ունեցել նաեւ մշակութային արժէքների կողոպուտ:
«Արդեօք ովքե՞ր են»… և ինչպէ՞ս են թալանում:
Դրանք մշակոյթի ոլորտում պատահականօրէն յայտնուած կամ յատուկ սողոսկած ճարպիկ մարդիկ են, որոնք մեզանում և արտասահմանում որպէս ազգային ներկայացնում են միջակ արուեստը և արուեստագէտին, պատճէններ՝ աղճատելով Հայաստանի մասին հասարակական կարծիքը:
Մի առիթով մի կոմպոզիտոր այսպէս է բնութագրել միւսի արուեստը. «Հայկական է, ազգային է, բայց միջակ է»: Ստիպուած եղայ միջամտել. «Եթէ միջակ է, ուրեմն ազգային չէ»:
Համատարած թալանը գայթակղիչ է և վարակիչ:
Հայնրիխ Հայնէի «Առաքինի շունը» առակի Բրուտոս անունով շունը ամէն առաւօտ խանութից միս էր գնում և անկորուստ հասցնում տիրոջը: Մի օր բակի շները որոշում են իրենց ցեղի դաւաճանին պատժել՝ յարձակւում և խժռում են միսը: Տեսնելով, որ միսը վերջանում է, մի պատառ էլ ինքն է ճանկում. «Դո՞ւ էլ, իմ Բրուտոս, դո՞ւ էլ ես լափում…»:
Ֆրիդրիխ Նիցշէն ասում էր. «Երբ գործը հասնում է իսկական իմացութեանը, մենք երկնչում ենք»: Յիրաւի, արուեստը, գիտութիւնը պահանջում են երկիւղածութիւն, հոգածութիւն: Նույնիսկ «հանճարեղ» կեղծարար իտալացի Ալչեօ Դոսսենան ափսոսալ գիտէր: 20-րդ դարի մշակութային ամենաաղմկայարոյց միջադէպի այդ հերոսի կերտած «անտիկ» քանդակների կեղծիքը կարողացան բացայայտել միայն մի բանի շնորհիւ: Բանն այն է, որ հնութեան տպաւորութիւն ստեղծելու նպատակով նա մուրճով, բայց ափսոսանքով և զգոյշ կոտրում էր նորաստեղծ քանդակների որոշ մասերը: Եւ հենց դա էլ մատնեց նրան:
Իսկ մերօրեայ կեղծարարները աւերում են բնօրինակներն իսկ: Այդպէս են վարւում մեր հարեւանները հայկական միջնադարեան յուշարձանների հետ, այդպէս են վարւում և մերոնք՝ Նարեկացու տաղերի, Կոմիտասի երգերի և այլ արժէքների հետ:
Նման պատեհապաշտները, մշակոյթի «ահաբեկիչները» պարզապէս չեն սիրում, չեն ըմբռնում այդ արժէքների մեծութիւնը:
Ինչպէ՞ս են այդ «տրոյական ձիերը» յայտնուել մշակոյթի ասպարէզում: Մարդիկ, որոնք առանց ցաւ զգալու գործարքի մէջ են մտնում թէ՛ այն և թէ՛ այս աշխարհի «ուժեղների» հետ: Դրանց մի մասը դեռ կոմունիստների ժամանակ «զբաղուել» է արուեստով, միւս մասը նորաթուխ գործիչներ են: Երկու տեսակն էլ չեն ամաչում իրենց միջակութիւնից, քանի որ հիմա իւրայինները շատացել են:
Տարիներ առաջ մի թերթ վկայում էր, որ եթէ Փարիզի աղբատար մեքենաների վարորդները մէկ-երկու շաբաթ գործադուլ անեն, մայրաքաղաքը կը ծածկուի աղբով: Մեզանում մի քանի տարի «գործադուլի մատնուած կեանքի» հարուածներին տեղի տուած որոշ երաժիշտներ, այսպէս կոչուած արվեստագէտներ, հնչիւնային ռեժիսորներ… կամայ թէ ակամայ «հաշուեյարդար» տեսան, «ծախուեցին» և ծախեցին հոգեւոր արժէքները: Ամբողջ Հայաստանը ծածկուեց «աղբով». նկատի ունենք անբարոյ, մատաղ սերնդին այլասերող երգերի ձայնագրութիւնների համաճարակը: Արուեստը վերածուեց արհեստի, արհեստը՝ բիզնեսի, բիզնեսը՝ մշակութային «մարմնավաճառութեան…»: «Բումերանգի» էֆեկտը գործեց և միւս ասպարէզներում. օրինակ՝ մարզիկներից ոմանք, թողած Օլիմպոսի ուղին, դարձան… թիկնապահներ, ոմանք, տեսնելով իրենցից անհամեմատ թոյլ և ծոյլ «չինովնիկ-կաշառակերների» բարգաւաճումը, սկսեցին իւրովի օգտագործել իրենց ուժը և «շնորհքը»:
Միշտ հպարտացել ենք, թէ Հայաստանի աշխարհագրական դիրքը նպաստաւոր էր հայերի համար ստեղծագործաբար իւրացնելու թէ՛ Արեւմուտքի և թէ՛ Արեւելքի մշակութային նուաճումները: Սակայն այսօր այդ դիրքն էլ չարաշահուեց՝ Հայաստանը հեղեղուել է մի կողմից մահմեդական, խորթ, այն էլ ցածրորակ հակամշակոյթով, միւս կողմից՝ արեւմտեան սանձարձակ, սեքսուալ «չարուեստով», նոր հեթանոսական «բարքերով» և աղանդներով: Այս ամէնը ժողովրդին կտրում է իր ճշմարիտ ակունքներից, խոցելի դարձնում:
Եւ հակառակը, կարող ենք վկայակոչել հայ արուեստի առանձին փայլատակումներ: Սակայն դրանք չեն դառնում համազգային վճռորոշ գործօններ: «Չարուեստի» բիզնեսի ջատագովները, «հոգեորսները», մատաղ սերնդին ապակողմնորոշելով, դարձնում են իրենց «յաճախորդը»՝ ներարկելով արհեստական պահանջարկ, ինչպէս թմրամոլների պարագայում: Բացի այդ յաճախ, վկայակոչելով յիշեալ փայլատակումները, դրանք օգտագործում են որպէս համատարած անճաշակութիւնը և բարգաւաճման անբարենպաստ պայմանները քօղարկելու միջոց:
Խօսքը, ինչպէս և երաժշտական հնչիւնը, մեծ ուժ է, և այսօր այդ երկուսն էլ յայտնուել են աւերիչների ձեռքում: Յիշենք Լև Տոլստոյի «Կրեյցերեան սոնատը» պատմուածքի յայտնի դրուագը. «…Չինաստանում երաժշտութիւնը պետական գործ է: Եւ այդպէս էլ պէտք է լինի: Մի՞թէ կարելի է թոյլ տալ, որ ամէն ցանկացող հիպնոսացնի մէկը միւսին կամ շատերին և յետոյ նրանց հետ վարուի ինչպէս կամենայ: Եւ ամենագլխաւորը, որ այդ հիպնոսացնողը լինի առաջին հանդիպած անբարոյական մարդը: Ու այդ ահաւոր միջոցը այդ առաջին հանդիպածի ձե՞ռքը տալ»: Այն էլ այն դէպքում, երբ խօսքը Բեթհովենի հանճարեղ սոնատի մասին է, որը մարդուն մղում է մեծագործութիւնների, իսկ ի՞նչ ասենք մեզ պաշարած փողոցային, գռեհիկ, անճաշակ, պիղծ երաժշտութեան մասին, որը յայտնի է, թէ ինչ արատաւոր արարքների է մղում մարդուն, մատաղ սերնդին: Եւ մարդկանց հիպնոսացնելու այդ «պատիւն» ու մենաշնորհը պետութիւնը նուիրել է սրճարանատէրերին, կասկածելի ռադիոհեռուստաալիքներին և յատկապէս երթուղային տաքսիների վարորդներին, որոնք էլ իւրովի «կերտում» են մեր ապագան: Նոյն «երաժշտասէր» վարորդները թաւջութակով ուղեւոր չեն վերցնում, մինչդեռ այդ նուագարանից է կախուած սիմֆոնիկ և օպերային արուեստի ապագան: Պատահական չէ, որ շատ դպրոցներում նուազել և վերացել են թաւջութակի դասարանները:
Հակամշակոյթի գրոհները ունենում են երկու փուլ. նախ արմատախիլ են անում մշակութային դաշտի դարաւոր ծառերը, այնուհետև այդ դաշտում ցանում չարի սերմեր: Յաճախ այս ամէնը արւում է միաժամանակ:
Պատկերացնո՞ւմ էք ինչ կը լինի, եթէ զինանոցների դռները բացեն երեխաների կամ խենթերի առջեւ…
Այժմ մարգարէական են հնչում Կոստան Զարեանի խօսքերը. «…Եթե վայր իջնենք… մեքենայի մաս կը դառնանք կամ խանութպան»: Խանութպան արդէն դարձել ենք, մնում է խուսափել մտաւորականի միւս մտավախութիւնից, թէ չէ կ'ընկնենք «արդի քաղաքակրթութեան ծխնելոյզի տակ…»:
Ահա արդի քաղաքակրթութիւնն է, որ մշակութաբանները բնորոշում են որպէս «նոր հեթանոսութիւն», «երիտասարդների քաղաքակրթութիւն», որում «սէր» բառը դուրս է մղուել «սեռ»-ով՝ «սեքսով», «սիրել»-ը անուանում են «զբաղուել սիրով»: Այդպէս էլ նրանք վերաբերւում են ամէն ինչին՝ «զբաղւում են արուեստով», «զբաղւում կեանքով»:
Քաջ գիտակցելով արուեստի զօրութիւնը և ազգապահպան նշանակութիւնը՝ Կոմիտասն իր կեանքը նուիրել է հայ ժողովրդական երգի գրառմանը, փրկութեանը, ձերբազատել հարեւան ազգերի երգարուեստի ոչ բարերար ազդեցութիւններից:
Այսօր տեղի է ունենում հակառակը. սրբապղծում են նոյն այդ երգերը՝ խառնելով օտարոտի տարրերին: Մի՞թէ թոռը կարող է պապերի դահճի ձեռքը համբուրել… Նման մարդիկ սխալ են հասկացել պատուիրանը: «Սիրի՛ր թշնամուդ», բայց մի՛ պաշտիր, մի՛ ստրկացիր…
Ժամանակին Կոմիտասը յատուկ յօդուածով հանդէս է եկել ընդդէմ Փարիզում տպագրուած «Հաւաքածոյ հայոց ժողովրդական երգերի» ժողովածուի: Այս երգերից միայն մէկն էր հայկական, այն էլ՝ խառնուած մէկ այլ երգի, միւսի մեղեդին էլ տաճկական էր և այլն: Այս առիթով Կոմիտասը գրել է. «Մեր ազգի ժողովրդական երգերն այնքան բնորոշիչ են, որ չէ կարելի օտար եւ ցեղակից ազգերի հետ խառնել»: Այո, չխառնել նոյնիսկ ցեղակից ազգերին, ուր մնաց թուրքականին, արաբականին, պարսկականին:
Սակայն մենք ապրում ենք հենց խառնուրդների դարում…
Գոնէ ուրիշներից սովորենք սիրել, յարգել մեր Հայաստանը: Վերջերս հոլանդացի նկարիչ Սիթսէ Բակկերը Հայաստանի ազգային պատկերասրահին նուիրել է Օսիպ Մանդելշտամի «Հայաստան» բանաստեղծական շարքի մոտիվներով իր գրաֆիկական աշխատանքները և խոստովանել. «Որքա՜ն հեշտ է սիրահարուել Հայաստանին»: Իսկ Մանդելշտամն այնքան էր ներշնչուած Հայաստանով, հայոց մշակոյթով, ժողովրդական երգերով, որ նեղ օրերին, աքսորում յաճախ էր մտաբերում… «Ճախարակ» երգը: Այս անպաճոյճ երգը նա դասում էր Գէօթէի խօսքերով Շուբերտի ստեղծած «Մարգարիտան ճախարակի մօտ» հանճարեղ ռոմանսի և նման երգերի շարքին:
«Սեւան» ակնարկում Մանդելշտամը խոստովանել է. «Մենք արժանի չենք հայերէն լեզուով խօսելու»: Իսկ ի՞նչ ենք անում այսօր մեր աստուածաշունչ լեզուի, երգ ու բանի հետ, ինչպիսի՞ աղաւաղումներ են տեղի ունենում: Որքանո՞վ են դրանք կարեւորւում մատաղ սերնդի ձեւաւորման գործում:
Մեծ աղէտ է Հայաստանի համար հասարակութեան մտահոգ և կարող ուժերի, մտաւորականների մասնատուածութիւնը:
Ռուս փիլիսոփայ Լ. Կարսավինը ներդաշնակ հասարակութիւնը բնորոշել է որպէս «սիմֆոնիկ անձ». ահա այդ բարձրակարգ անձը չկայ մեզանում: Ինչի՞ կը նմանուի այն արտադրութիւնը, եթէ մէկը արտադրի մետաղ, միւսը՝ ցեմենտ, երրորդը՝ ապակի, և դրանք չմիաւորուեն: Ի հետեւանք մի տունը կը լինի միայն մետաղից, միւսը՝ ցեմենտից, երրորդը՝ «թղթից» և այլն:
Նոյնը տեղի է ունենում նաև մշակոյթի և այլ ասպարէզներում:
Որքան էլ հանճարեղ կոթողներ ստեղծուեն այսօր, մինչեւ մատաղ սերունդը հայեցի, քրիստոնէաբար չդաստիարակուի, ապագայ չենք ունենայ, այդքան թանկ գնով ձեռք բերուած մշակոյթը կրող չենք ունենայ: Տարիներ առաջ Սիւնիքում մէկն իր հողը մշակելիս յայտնաբերել էր թաքցրած գանձ, երբ դողդողալով բացել էր, պարզուել էր՝ մեծ գումար է, բայց… Նիկոլայ ցարի ժամանակի թղթադրամներով: Ահա նման մի բան տեղի կ'ունենայ մեր սերունդների հետ, եթէ այսպէս շարունակուի: Մատենադարանի և թանգարանների արժէքները անկիրթ սերնդի համար կը դառնան հնացած թղթադրամների պէս անհասկանալի և անգործածելի: Ռ. Թագորը «Մեկ դար անց» քերթուածում հարցնում է իր ապագայ ընթերցողին, թէ յաջողուե՞լ է իրեն՝ բանաստեղծին, այսօրուայ արշալոյսի գէթ մէկ շողը՝ շաղախուած ծաղկանց բոյրով, հաւքերի երգով, յղել ընթերցողին: Արդեօք իր ձիրքը բաւարա՞ր էր այդ անելու:
Եթէ ուզում ենք, որ սրբալոյս միւռոնի պէս դարերից եկող «ողջոյնը»՝ «գարունից գարուն, սրտից՝ սիրտ», հասնի գալիքին, պիտի սթափուենք, ձեռք բերենք հմտութիւն, միաբանութիւն և, ամենակարեւորը, «չուտենք» ցանքի համար նախատեսուած սերմի վերջին պաշարները…
Անդին 8, 2014