Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (68) Ապրիլ 2017

Գրական-Մշակութային

ԲԱՐՍԵՂ ԿԱՆԱՆԱՉԵԱՆ... «ՕՐՕՐ»... ՍԵԴԱ ԿԱՆԱՉԵԱՆ...

Երուանդ ՏԷՐ-ԽԱՉԱՏՐԵԱՆ

kraganԲԱՐՍԵՂ ԿԱՆԱՆԱՉԵԱՆ... «ՕՐՕՐ»... ՍԵԴԱ ԿԱՆԱՉԵԱՆ...
Երուանդ ՏԷՐ-ԽԱՉԱՏՐԵԱՆ
Մեծանուն երաժիշտ Բարսեղ Կանաչեանի դուստրըՙ ազնուազարմ տիկին Սեդա Կանաչեանը, որ ապրում էր Պէյրութում, տասնամեակներ շարունակ հետամուտ էր հօր ստեղծագործական ժառանգութիւնը կարգի բերելու եւ ամբողջացնելու, նրա ծաւալուն ստեղծագործութիւնները, ամէնից առաջՙ «Աբեղան» օփերան, մոռացումից փրկելու եւ, ի վերջոյ, արուեստագէտի թողոնի հետագայ ճակատագիրն ապահովելու գործին: Սեդա Կանաչեանը նաեւ մտադիր էր մի ծաւալուն գործով ամբողջացնելու Բարսեղ Կանաչեանի կեանքն ու գործը եւ այն ամէնըՙ յուշեր, վաւերական նիւթեր ու փաստաթղթեր, վկայութիւններ, որոնք վերաբերում էր երաժշտի կեանքին եւ ստեղծագործութեանը: Եւ ահա, մի երկու տարի առաջ ես դոկտոր Յարութիւն Նիկոլեանի (Նագուլեանի), մեր սիրելի Նագուլի միջոցով առաջարկ ստացայ մի նիւթ գրելու այդ գրքի համար:
Բանն այն է, որ ես բախտ եմ ունեցել լինելու Սեդա Կանաչեանի կրտսեր բարեկամներից մէկը, Պէյրութում ապրած տարիներիս եւ հետագայ բոլոր այցելութիւններիս ժամանակ լինելուՙ նրա տան, նրա գրական-մշակութային հոյակապ սալոնի «տնային» մարդկանցից մէկը:
Երբ առաջարկը ստացայ, անկեղծ ասած, դժուարացայ, դժուարիս եկաւ. ի՞նչ կարող եմ գրել ես Բարսեղ Կանաչեանի երաժշտութեան մասին: Նման դէպքերում պէտք է կարողանաս ասել մի որեւէ էական բան, մի կարեւոր միտք, գոնէ մէկ կարեւոր նախադասութիւն:
Եւ երբ մտածումս յստակուեց, երբ ասելիքս պարզ եղաւ ինձ համար եւ ինձ թուաց, թէ գտել եմ այդ մէկ նախադասութիւնը, ես գրեցի երկու էջ այդ գրքի համար: Եւ ահա, վերջապէս, այդ գիրքը լոյս տեսաւ, «Բարսեղ Կանաչեան. կեանքի մը երաժշտացումը» խորագրով, մի մեծադիր եւ ծաւալուն հատոր, աւելի քան 660 էջ (նորէ՛ն Երջօ Սամուէլեանը):
Իրերի ու հանգամանքների բերումով մէկ տարի առաջ Սեդա Կանաչեանը Պէյրութից տեղափոխուեց Ամերիկաՙ իր զաւակների մօտ:
Ի՞նչ բաղձանքով, ի՞նչ անձկութեամբ էր սպասում Սեդա Կանաչեանը այս հատորին, սակայն ճակատագրի հրեշտակի սեւ թեւի ստուերը մթագնեց Սեդայի ուրախութիւնը: Եւ այսօր հեռուից հեռու սրտակցելով Սեդային իր անփարատ վշտի ու անսփոփ տրտմութեան մէջՙ ընթերցողին եմ ներկայացնում իմ գրութիւնը, որ տեղ է գտել այդ հատորում:
Բարսեղ Կանաչեանի անունը լսել եմ դեռեւս իմ վաղ պատանեկան տարիներին, գիտէի, որ անուանի երաժիշտ է, երգահան, սքանչելի երգերի հեղինակ: Իմ ուսանողութեան ժամանակը համընկաւ 1960-ական թուականների կէսերին, երբ մեր ժողովուրդն իր գիտակցական մեծ վերելքի շրջանն էր ապրում: 1966-ին լոյս էր տեսել Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն»ը նոր, շքեղ ու պատկերազարդ հրատարակութեամբ: 1969-ին լրանում է Կոմիտասի ծննդեան հարիւր տարին: Ամբողջ Հայաստանը բռնուած էր Կոմիտասով եւ այն ամենով, ինչն այս կամ այն կերպ, ուղղակիօրէն թէ անուղղղակիօրէն, կապւում էր ազգային մեծ երաժշտի անձի ու գործի հետ: Այդ տարիներին Խորէն Պալեանն ու Լուսինէ Զաքարեանը բեմերից անվերջ հնչեցնում էին մեր ազգային սքանչելի երաժշտութիւնըՙ մեր հոգեւոր երգերը, մեր շարականները, Մակար Եկմալեան, Քրիստափոր Կարա-Մուրզա, Կոմիտաս... Եւ անվերջ Կոմիտաս... Եւ, իհարկէ, նաեւ ու անպայմանՙ Բարսեղ Կանաչեան:
Մեր ուսանողութիւնը ուղղակի սիրահարուած էր Բարսեղ Կանաչեանին. «Օրօր»ը պարզապէս կախարդում ու հմայում էր մարդկանց: Այդպէս տարիների ընթացքում Բարսեղ Կանաչեանը դարձաւ Հայաստանի երաժշտական դասական մշակոյթի անկապտելի, անտրոհելի մասը: Մեծատաղանդ կոմպոզիտորը այլեւս իր արժանի ու մնայուն տեղն ունէր մեր ազգային գիտակցութեան մէջ:
Կոմիտաս վարդապետը ժամանակին իր բազմաթիւ սաներից առանձնացրել է մի քսան-քսաներկու հոգու: Ըստ ամենայնի, Վարդապետը նրանց հետ մեծ յոյսեր է կապել: Բայց կեանքն էլ իր թելադրանքն ունի, կեանքն էլ իր ընտրութիւնն է անում: Շուտով այդ քսան-քսաներկու հոգուց Վարդապետի շուրջը մնում է միայն հինգ հոգի, բայց իրօք ընտրեալ հինգ հոգի: Հնօրեայ մի լուսանկար պահել է այդ մեծ ընտրութեան, հաւատարմութեան ու հարազատութեան պատկերըՙ Վարդապետը իր սիրելի սաների հետՙ Վաղարշակ Սրուանձտեանց, Բարսեղ Կանաչեան, Վարդան Սարգսեան, Արտաշէս Աբաջեան, Հայկ Սեմերճեան եւ Միհրան Թումաճան, 1914 թիւ, Կ. Պոլիս: Նրանք Վարդապետի ընտրեալ սաներն էին, եւ նրանցից իւրաքանչիւրն իր մէջ անպայման մաս ունէր մեծ երաժշտի անձից, ձիրքից, նկարագրից: Վստահօրէն կարելի է ասել, որ Բարսեղ Կանաչեանը առաջինն էր հաւասարների մէջ: Նա կարողացաւ ստեղծել երաժշտութիւն, որ արտայայտութեամբ եւ արտայայտչականութեամբ լինելով տարբեր, ոգով, ներքին բովանդակութեամբ եւ էութեամբ շարունակում էր Կոմիտաս Վարդապետի մեծագործութիւնը, ինչով որ իր երաժշտութիւնը արժանի է դրուելու իր մեծ ուսուցչի ստեղծագործութեան կողքին: Կանաչեանի լաւագոյն խմբերգերըՙ «Տալիլօ»ն, «Հոյ նար»ը, «Վարդերու հետ»ը, իր սքանչելի մեներգերըՙ «Ուռին», «Ալվարդի երազը», «Պըճինկօ»ն եւ միւսները մեր երգարուեստի վաւերական արժէքներն են: Այո, դրանք կատարեալ ստեղծագործութիւններ են, բայց ուրիշ է իր «Օրօր»ը: Այդ երգի մոգական ուժն ու աննկարագրելի հմայքը թւում են այլեւս անվախճան ու անվերջանալի:
Բարսեղ Կանաչեանի «Օրօր»ը մեզՙ հայերիս համար սքանչելի երգ լինելուց զատ նաեւ այլ խորհուրդ եւ իմաստ ունի:
Քրիստոնեայ շատ ժողովուրդներ ստեղծել են իրենց Տիրամօր պատկերը: Ռաֆայէլի «Սիքստինեան Տիրամայրը» դէպի մեզ է գալիս դարերի միջով ու երկնքի վրայով: Հայկական կեանքի ողբերգական ժամանակների նախաշեմին մեծ նկարիչ Վարդգէս Սուրէնեանցը ստեղծեց մերՙ հայերիս Տիրամօր պատկերըՙ իր «Տիրամայրը մանկան հետ» կտաւը: Սուրէնեանցի Տիրամայրը պէտք է պահէր-պահպանէր հայերին ու հայութեանը: Սուրէնեանցի Տիրամայրը հայուհի է, հայ մայր: Նա հայ Տիրամայր է, որ մարմնաւորում է երկնային էութեան եւ երկրային, հողեղէն գոյութեանՙ հայ կնոջ, հայ մօր կերպարի կատարեալ համադրութիւն: Իր զաւակի չարչարանքներն ու խաչ ելնելը նա կը տեսնի երկուսուկէս տասնամեակ յետոյ, երբ Մանուկը հասակ կ՛առնի, 1915-ին:
Մենք ամէնքս, համայն քրիստոնեայ աշխարհը, գիտենք, թէ Տիրամայրը ինչպէս է ողբացել իր զաւակի մահը. մեծատաղանդ քանի՜ մարդ է կրկնել «Stabat mater dolorosa»- «Կանգնած է մայրը վշտահար»: Բայց մենք գիտե՞նք, թէ Տիրամայրը ինչպէս է օրօրել իր Մանկանը, ի՞նչ էր օրօրոցային երգում Նրան:
Ինձ թւում է, թէ ես գիտեմ, մենքՙ հայերս գիտենք այդ հարցի պատասխանը: Սուրէնեանցի Տիրամայրը, հա՛յ Տիրամայրը իր Մանկան համար երգել է երկնային մի մեղեդի, գեղեցկագոյն մի երաժշտութիւն, լեցուն մայրական սիրոյ անհուն բերկրանքով եւ վերերկրային խանդաղատանքով, որ յետոյ, դարեր անց, անիմանալի մի հրաշքով ու կախարդանքով, լսել ու գրի է առել հայ երաժիշտ Բարսեղ Կանաչեանը: Ինձ համար իր «Օրօր»ը Տիրամօր օրօրոցայինն է:
Եթէ Կանաչեանը գրէր միայն «Օրօր»ը, արդէն մեծ երաժիշտ էր լինելու:
Ես գիտեմ Բարսեղ Կանաչեանի գործերի մեծ մասը, գիտեմ, որ իր «Աբեղա» օպերան հայ ազգային օպերաների շարքում իր առանձին տեղն ունի, բայց եւ գիտեմ, որ «Օրօր»ի հմայքը տեւելու է այնքան ժամանակ, քանի դեռ լուսնի ներքոյ հնչելու է հայերէն խօսքը...
***
Ամէն մի իսկական արուեստագէտ իր ստեղծագործութեան մէջ ներդնում է իր էութիւնը, իր նկարագրի, իր ներաշխարհի հարստութիւնն ու հմայքը: Անշուշտ, Բարսեղ Կանաչեանը նոյնպէս: Բայց ճիշտ կը լինի ասել, որ արուեստագէտի հոգեկան հմայքն ու գեղեցկութիւնը երբեմն, փոխակերպուելով, ա՛յլ արտայայտութիւն են ունենումՙ փոխանցւում են իր զաւակներին: Ես սրանում խորապէս համոզուեցի, երբ 2000 թուականին իրերի պատեհ բերումով յայտնուեցի Բէյրութում եւ բախտ ունեցայ ծանօթանալու եւ մօտիկից ճանաչելու Բարսեղ Կանաչեանի աւագ դստերըՙ Սեդա Կանաչեան-Թիւյսիւզեանին:
Չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, որ Սեդա Կանաչեանի նկարագրի մէջ իր հօր երաժշտութեան ներքին ողջ գեղեցկութեան հմայքը կայ: Մեր ծանօթութիւնը շուտով վերածուեց մի բարեկամութեան, որն ինձ համար անչափելի հարստութիւն է:
Սեդա Կանաչեանի պարզ ու գեղեցիկ բնակարանը Բէյրութում մի իւրօրինակ հաւաքատեղի է, մի իսկական գրական սալոն, 19-րդ դարի ֆրանսիական գրական սալոնների ոգով եւ օրինակով: Այստեղ մշտապէս հաւաքւում էին իր մտերիմները, իր սիրելի մարդիկ, իր պահապան հրեշտակներըՙ դոկտոր Յարութիւն Նիկոլեանն ու իր տիկին Էմման, դոկտոր Նուրիջան Դէմիրճեանն ու իր տիկին Յասմիկը եւ էլի մի քանի հոգի: Եւ յետոյ արդէն հրաւիրեալներն ու հիւրերը, հիմնականում գրականութեան ու արուեստի, մշակոյթի մարդիկ: Սեդայի տունը սիրոյ, մարդկային ջերմութեան եւ կենսական գեղեցկութեան մի հրաշալի տարածութիւն էր, մարդկային գեղեցիկ յարաբերութիւնների ընտրեալ մի վայր: Երբ անցնում էիր իր տան շեմը, յայտնւում էիր բոլորովին ա՛յլ, ուրի՛շ մի մթնոլորտում, ուրի՛շ իրականութեան մէջՙ կատարելապէս հայեցի, մարդկայնօրէն պարզ, հարուստ ու գեղեցիկ: Չկայ Հայաստանից Բէյրութ հասած գրականութեան ու մշակոյթի հետ առնչուող որեւէ անձնաւորութիւն, որ հիւրընկալուած չլինի Սեդայի տանը, վայելած չլինի նրա ջերմ վերաբերմունքը:
Սեդան յաճախ հիւր էր ընդունում խմբերով: Երբ Հայաստանի Գրողների միութեան մի մեծ բանակ հասել էր Բէյրութ, Սեդան քսան-երեսուն հոգու համար իր տանը փառաւոր ընդունելութիւն սարքեցՙ իր սէրն ու ջերմութիւնը մաքրութիւնից փայլող ճերմակ սփռոցի պէս տարածելով իր ընդարձակ սեղանի վրայ, իր հիւրերի առջեւ... Սա Սեդա Կանաչեանի ապրելու ձեւն է տարիներէ ի վեր, իր կեանքի իմաստը, իր սէրն ու խանդաղատանքը Հայաստանի ու հայութեան հանդէպ:
Ահա թէ ինչու եմ ասում, որ Բարսեղ Կանաչեանի երաժշտութեան գեղեցկութիւնն ու հմայքը այսօր տեւում են իր աւագ դստերՙ Սեդա Կանաչեանի բնաւորութեան ու նկարագրի մէջ:
Մի միջադէպ եմ ուզում յիշել անցեալից: Մի անգամ Բէյրութ գնացի իմ սիրելի ընկեր Աշոտ Շաբոյեանի հետ: Աշոտը խոր ու նուրբ մարդ էր, արուեստի ու մշակոյթի մարդ, երկրներ, քաղաքներ, մարդիկ տեսած ու ճանաչած անձնաւորութիւն, մարդկային առօրեայ յարաբերութիւնների մէջՙ ազատ, անկաշկանդ ու բնական: Ինչպէս որ միշտ է լինում, Սեդան անմիջապէս իր տուն հրաւիրեց: Աշոտը, նկարիչ ընկերսՙ Շահօ Տէր-Յարութիւնեանը եւ ես գնացինք այցելութեան: Անշուշտ, Սեդայի սիրելի ընկերներըՙ իր ողջ շքախումբը, արդէն այնտեղ էին: Նոյն ջերմ ու գեղեցիկ մթնոլորտը, նոյն մարդկային սիրոյ տարածութիւնըՙ լի խօսք ու զրոյցով, հումորով, մարդկային յարաբերութիւնների պարզ ու բնական գեղեցկութեամբ: Իմ ընկեր Աշոտը այդ օրը մի տեսակ իրեն նման չէր, մի տեսակ ուրիշ էր, թւում էր շփոթուած ու կաշկանդուած:
Երբ ուշ ժամի արդէն դուրս էինք եկել եւ մեր կեցութեան տեղն էինք վերադառնում, Աշոտը երկար ժամանակ լուռ էր, չէր խօսում: Յետոյ դարձաւ Շահէին ու ինձ եւ ասաց.
- Գիտէք, երբ մեր գրքերում, մեր վէպերում կարդում էի հայ ազնուականութեան, հայ իշխանական տների, հայ իշխանների ու իշխանուհիների մասին, միշտ ներքուստ թերահաւատ էի, մի տեսակ հաւատալս չէր գալիս: Ինքս ինձ ասում էիՙ մեր ռամիկ, գեղջուկ, կենցաղավարութեան մէջ կոպիտ ու չյղկուած, յաճախ էլՙ բռի ու անտաշ էս մեր ժողովուրդն ու ազնուականութի՞ւն: Ի՜նչ ազնուականութիւն, ի՜նչ բան...
Բայց այսօր հասկացայ, որ չարաչար սխալուել եմ: Փառքդ շատ, Աստուած, ես այսօր հայ ազնուական տիկին տեսայ... Ի՜նչ արիստոկրատ անձնաւորութիւն է, մարդկային ու հոգեկան ի՜նչ գեղեցկութիւն...
Աշոտն, իհարկէ, ճշգրիտ էր իր բնութագրումի, իր խօսքի մէջ:
Երաժշտութեան մոգական գեղեցկութիւնն ու հմայքը առեղծուածային են, այդ գեղեցկութեան ու հմայքի փոխակերպումներըՙ առաւել եւս...
Բարսեղ Կանաչեան...
«Օրօր»...
Սեդա Կանաչեան...
Հմայքը տեւում է եւ անվախճան է...
Աղբիւր՝ ԱԶԳ-ՄՇԱԿՈՅԹ