Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (67) Մարտ 2017

Գրական-Մշակութային

Երբ ազատ չես՝ ի՞նչ միտք ունի աշխարհ գալը

kragan- Մա՛րդ, ապրի՛ր հետս այնքան ժամանակ, ինչքան սիրում ես ինձ, կշտացար՝ բաժանուիր:
Չեմ երաշխաւորի, բայց ո՜վ գիտի, եթէ կոմունիզմն էլ կամաւոր կերպով մտցուէր Ռուսաստան՝ գուցէ ես էլ կոմունիստ գրուէի, բայց երբ սրով ու հրով է մտնում, այստեղ արդէն յիմար մարդն էլ կը կասկածի, որ սրա տակ մի վատ բան կայ թաքնուած:
Արդէն մեր կամքից անկախ՝ ծնւում ենք բռնի, մեռնում ենք բռնի: Եթէ բռնի էլ ապրենք՝ էլ ի՞նչ միտք ունի աշխարհ գալը:
1961թ․
Ազատութիւն
Ազատութիւնը լաւ բան է։
Հայ ազգը, մանաւանդ, որ դարեր շարունակ ապրել է օտարի բռնակալ լծի տակ, շատ լաւ հասկանում է այդ բառի իմաստը։
Բայց ազատութիւնը մի զէնք է, որ ամէն մարդու ձեռք չպիտի տալ։ Տալ պէտք է նրան, ով գիտի գործածել։ Չգիտցողի ձեռքը տաս՝ կը տայ իրեն կը սպանի։
Ոչ մի մայր անչափահաս երեխային չի դնի գետնին և ասի՝ «քայլիր»։ Գետնին դրեց՝ շուռ կը գայ բերանքսիվայր ու քիթը կ'արիւնի։ Մայրը նախ կը սովորեցնի երեխային քայլել եռանիւ ճռիկի վրայ, ապա նոր՝ քիչ-քիչ ճռիկը տակից քաշելով, կը սովորեցնի ինքնուրոյն քայլել։
Իսկ ՄԱԿ-ն առանց հասակների միջև խտրություն դնելու, բռնեց բոլոր գաղութներն ազատեց, ինքնավարութիւն տուեց, որ ինքզինքնին կառավարեն։
Եգիպտոսին տալ անկախութիւն՝ այդ ես հասկանում եմ։ Մարդն Անգլիայի գրկից իջնելուն պէս սկսեց վազել։ Խփեց Անգլիայի ու Ֆրանսիայի մռթին, դեռ Սուէզն էլ ձեռքներից խլեց, նոր ճամբու դրեց։
Երիտասարդ այս պետութիւնը ներաճեց, մէջն առնելով նաև Սիրիան։ Երէկուայ գաղութը այսօր արդէն գաղութի տէր է։ (Բայց յետոյ Սիրիան ծլկեց, իհարկէ)։
Ասում եմ, էլի, Եգիպտոսն արժէր։ Որ տեսնես նրա վարչապետ գեներալ Նասերը ինչպէս է ոտները գետին տալով անցնում Նեղոսի մի ծայրից միւսը, կ'ասես՝ ահա չորս հազար տարուայ Փարաւոնն է յարութիւն առել։
Բայց անկախութիւն տալ խեղճ ու կրակ Իրաքին՝ դա ուղղակի անխղճութիւն է։
Ա՜յ ՄԱԿ, դու տեսնում ես, որ խեղճը նստած տեղից կանգնելու համար բռնում է իր հարեւան Եգիպտոսի ու Սիրիայի փէշից՝ նրան ո՞ւր ես անկախութիւն տալիս։ Դեռ մի որոշ ժամանակ թող ճռիկ քշի, ոտը պնդանայ՝ նոր տուր։
Թէ ոչ, սա ինչ խայտառակութիւն է։ Պետութիւն է կազմում, մի երկու քայլ գցում, մէկ էլ տեսար՝ փըրը՛մփ, ընկաւ։ Տնքալով վեր է կենում, նորից պետութիւն կազմում, նորից ընկնում է, և այսպէս անվերջ։
Նրա հարեւանները, Սիրիան ու Եգիպտոսը խղճալով Իրաքին մտնում են թեւը, մի փոքր տեղ քայլեցնում են, բայց թէ նրանք էլ տան-տեղաց տէր են, չեն կարող անվերջ իրենց հիւանդ հարեւանով զբաղուել։
Իրաքն անկախ հռչակուելուն պէս, քրդերն ապստամբեցին։ Ուժ չունի հնազանդեցնելու, քայլելիս երերում է։ Էլի շնորհակալ ենք Սիրիայից, նա իր զօրքով եկաւ հնազանդեցրեց, Իրաքին նստեցրեց վրան ու գնաց։
Բայց ի՞նչ օգուտ՝ Սիրիայի հեռանալուն պէս, քրդերը էլի Իրաքին կը դնեն տակը, կը նստեն վրան։
Իսկ գիտէ՞ք այս բոլորը Իրաքի վրայ որքան թանկ է նստում։ Ինքն անարիւն՝ շարունակ արիւն է կորցնում։
Չգիտեմ ինչու՝ Եգիպտոսին դուր է գալիս այս խառնակ վիճակը։ Ամէն անգամ, երբ մի մեծ պետութիւն է գալիս Իրաքի դրութիւնը կայունացնելու՝ Եգիպտոսը մէջ է ընկնում, թէ՝ «ոչ մի արտաքին միջամտութի՛ւն, թող ընկնի կանգնի, մարդ դառնայ»։
Բայց, ա՜խր, ա՜յ Եգիպտոս, մի օր էլ կարող է ընկնել ու այլեւս չկանգնել։
Աւելի շուտ դու մի փորացաւ ունես։
Ասա՛, այդ ի՞նչ փորացաւ է։
1963թ.
ԱՂԲԻՒՐ՝ ՀԵՏՔ