Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (75) Դեկտեմբեր 2017

Յօդուածներ

Երկու քաղաք մէկ քաղաքի մէջ. ԳԻՒՄՐԻ

antsoutarts1aԱյսօր՝ 1988-ի դեկտեմբերեան երկրաշարժից 29 տարի անց, նման տպաւորութիւն է թողնում կիսաւեր դարձած Գիւմրին: Մի կողմից՝ բարեկարգուել ու վերակառուցուել է նրա կենտրոնական տեսանելի մասը: Միւս կողմից՝ քաղաքի տարբեր հատուածներում, հիմնականում շէնքերի ետնամասերում ու աչքից հեռու վայրերում տակաւին ծուարած են մնում տնակային թաղամասեր: Դրանք քաղաքի մարմնի վրայ բաց վէրքեր են յիշեցնում, որոնք ոչ մի կերպ չեն վերանում ու միշտ արիւնահոսութեան վտանգ են ներկայացնում:
Ինչպէս տեղեկացանք <<Շիրակ կենտրոն>> հասարակական կազմակերպութեան ղեկավար Վահան Թումասեանից, <<Այսօր Գիւմրիում դեռեւս 1700 տնակ կայ: Չնայած բնակչութեան նուազմանը՝ 260 հազարից ընդամէնը 100 հազար մարդ է մնացել, քաղաքում բնակւում է երկրաշարժից ուղղակի ու անուղղակի անտուն մնացած շուրջ 2300 ընտանիք: Եւ սա այն դէպքում, երբ ՀՀ կառավարութիւնը բնակարանաշինութեան պետական ծրագիրը համարում է աւարտուած>>:
Ասուածի իսկութեան մէջ համոզուելու համար պէտք չէր հեռու գնալ: Քայլերս ուղղեցի Շիրակի մարզպետարանի հարեւանութեամբ, Գարեգին Նժդեհ փողոցին մերձ գտնուող տնակային թաղամաս: Արդէն հեռուից լսեցի էլեկտրական սղոցի սուր ձայն: Թիւ 223/050 տնակի մօտ դեկտեմբերի 5-ի սառնաշունչ եղանակին անսովոր եռուզեռ էր տիրում: Երկու մեծահասակներ փայտ էին կոտրում, իսկ փոքրիկները՝ տեղաւորում:
Ակամայ յայտնուեցի տնակի ներսում, որը մեծ վերապահումով կարելի էր բնակարան կոչել: Այդտեղ տարին բոլոր ապրում է Մինասեանների ընտանիքը: Տանտիրուհին տանը չէր. աշխատանքից յետոյ նա գնացել էր մաքրութիւն անելու՝ իր 3 զաւակների համար լրացուցիչ գումար վաստակելու նպատակով: Ամուսինն արդէն 8 տարի անյայտացել է Ռուսաստանի խորքերում: Երեխաներից աւագից՝ 14-ամեայ Նինայից տեղեկացայ, որ հեռաւոր Ամերիկայում բնակուող տիկին Կարոլինի ուղարկած դրամով է յաջողուել վառելափայտ ձեռք բերել: <<6 տարեկանից ես եղբայրներիս տէր եմ եղել>>,- մի տեսակ հպարտութեամբ եւ անսքող հպարտութեամբ սկսեց իր պատմութիւնը Նինան՝ նկատի ունենալով իր կրտսեր եղբայրներին՝ Մկրտչին ու Էդուարդին: Վերջինս եւս տանը չէր. գնացել էր մարզական պարապմունքի: <<Լաւ է վազում>>,- աւելացրեց Նինան, իսկ իր մասին էլ ասաց, որ սովորում է թիվ 30 դպրոցի 8-րդ դասարանում եւ յաճախում է ջութակի դասերի:
Մի քիչ երկարեց թոյլ լոյսի տակ ընթացող մեր զրոյցը, որի ժամանակ ճշտեցի նաեւ մանկամարդ աղջկայ ապագայի երազանքը. կ'ուզենար պատմաաշխարհագրագէտ դառնալ: Միգուցէ նաեւ լուսանկարիչ, քանի որ մասնակցում է <<Թումո>> կենտրոնի լուսանկարչութեան դասերին:
Այո՛, նեղ ու փոքր տնակներում շարունակում են ապրել լայն ու մեծ երազանքներ ունեցող մարդիկ: Ցաւօք, շատերին չի յաջողւում իրականութիւն դարձնել դրանք. խանգարում են կենսական պայմաններն ու ընկերային դժուարութիւնները: Արդէն մի քանի սերունդ մեծացել է՝ այս լայն աշխարհին նայելով իրենց <<դոմիկների>> նեղ պատուհաններից: Ինչպէս Վահան Թումասեանը մեկնաբանեց. <<Տնակային թաղամասերում ապրող մարդիկ ինքնամեկուսանում են հասարակութիւնից ու այդտեղ յաճախադէպ են վաղ ամուսնութիւններն ու դրանց յաջորդող ամուսնալուծութիւնները: Շատ են նաեւ ֆիզիկական ու հոգեկան խնդիրները, որոնք գնալով խորանում են>>:
Հենց դրանց լուծմանն են կոչուած <<Հայաստան>> համահայկական, <<Գիւմրին առանց տնակների>> հիմնադրամներն ու անհատ բարերարները: <<Հայաստան>> համահայկական հիմնադրամն, օրինակ, 2014 թուականից իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում արդէն 33 խիստ կարիքաւոր ընտանիքներ նոր բնակարան են ստացել: <<Շիրակ կենտրոն>> հասարակական կազմակերպութիւնը եւս իր ուշադրութեան կիզակէտում է պահում անօթեւանների հարցը՝ բնակարան յատկացնելով հարիւրից աւելի ընտանիքների:
Ի հեճուկս տիրող աննախանձ պայմանների՝ Գիւմրիում կայ ակտիվ երտասարդութիւն, որը յաջողութիւններ է գրանցում թէ՛ սպորտի, թէ՛ մշակոյթի տարբեր բնագաւառներում: Ինչպէս ընկերներիցս մէկը հումորով նկատեց <<Քանի որ մեր քաղաքում գործ չկայ, ստիպուած ենք աշխարհի ախոյեան դառնալ՝ լաւ ապրելու համար>>: Վկայութիւնն, իրոք, այն մարզական յաղթանակներն են, որ գիւմրեցի պատանիներն ու աղջիկներն ունենում են միջազգային հարթակներում, ի մասնաւորի՝ օլիմպիական խաղերում:
Բարեբախտաբար, <<արուեստների ու արհեստների մայրաքաղաք>> Գիւմրիում շարունակում են հասակ առնել նաեւ ստեղծագործող պարման-պարմանուհիները: Այցելեցի ազգային բարերար, Նիւ Եորքում բնակուող պոլսահայ բժիշկ Յովհաննէս Օյունջեանի հովանավորութեամբ կառուցուած ու արդէն 3 տարի գործող <<Վարդուհի>> արուեստի դպրոց: Այդտեղ ուրախութեամբ տեղեկացայ, որ չնայած կարճատեւ գործունէութեանը տեղի սաներն արդէն հասցրել են մրցանակային տեղեր զբաղեցնել ու մեդալներ նուաճել միջազգային տարբեր մրցոյթ-ստուգատեսներում:
Տարիների հարուստ պատմութիւն ունի Պէյրութի Խաչատրեան հայրենասէր ընտանիքի հովանու ներքոյ գործող <<Գոհար>> երգչախումբը, որն այսօր նախապատրաստւում է արտասահմանեան նոր հիւրախաղերի: Նոր թափ է առել եւ վերածնունդ է ապրում նաեւ տեղի դրամատիկ թատրոնը՝ իրար ետեւից բեմ հանելով դասական ու ժամանակակից ներկայացումներ: Վերջերս նշուեց նաեւ կոնսերվատորիայի Գիւմրու մասնաճիւղի 20-ամեակը: Մի երաժշտական հաստատութեան, որն ամէն տարի կազմակերպում է <<Վերածնունդ>> միջազգային փառատօնը:antsoutarts1a
Ամենաշատն, անտարակոյս, աչքի է զարնում քաղաքի կենտրոնական հատուածը, որը ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի նախաձեռնութեամբ նոր տեսք ու շունչ է ստացել: Վերջերս վերաբացուեց Ռուսթավելի փողոցը, որը գրաւիչ է զբօսաշրջիկների եւ ոչ միայն նրանց համար: Այո՛, կողք կողքի հարեւանութիւն են անում հինն ու նորը, լուծելին ու անլուծելին: Ու այսպէս, այս արեւի տակ, բնական ու անբնական աղէտներից յետոյ իր ընթացքն է շարունակում աշխարհի ամենաուրախ եւ ամենատխուր քաղաքը՝ Գիւմրին:
Լեւոն Լաճիկեան