Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (85) Նոյեմբեր 2018

Հարցազրոյց

«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ» ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՃՈՆ ՊՈԼԹԸՆԻ ՀԵՏ

«ԱՄՆը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ յարաբերութիւնները որպէս բարձր առաջնահերթութիւն են դիտարկում»

Վարեց՝ ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ

antsoutarts1a
 
 
 
«Ազատութեան» հայկական ծառայութեան ղեկավար Հրայր Թամրազեանը բացառիկ հարցազրոյց է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ճոն Պոլթընի հետ:
 
ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Պարոն Պոլթոն, մենք գիտենք, որ դուք հէնց նոր հանդիպեցիք Հայաստանի վարչապետի հետ: Ինչո՞վ կարող էք կիսուել մեզ հետ, ի՞նչ է քննարկուել, ինչպիսի՞ն է ձեր տպաւորութիւնը նոր կառավարութիւնից:
ՃՈՆ ՊՈԼԹԸՆ.- Քննարկեցինք հարցերի շատ լայն շրջանակ: Վարչապետին ասացի, որ սա ակնյայտօրէն շատ ոգեւորիչ ժամանակ է Հայաստանի համար՝ գարնանը տեղի ունեցած փոփոխութիւններից յետոյ եւ Դեկտեմբերին սպասուող ընտրութիւններից առաջ: Երբ նման յեղափոխական փոփոխութիւններ են տեղի ունենում, այն միշտ հնարաւորութիւններ է ընձեռում՝ լուծելու խմդիրներ, որոնք նախկինում գուցէ թւում էին դժուար լուծելի:
Բնականաբար, շատ խօսեցինք նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, Մինսկի խմբի (հովանու ներքոյ ընթացող) գործընթացի մասին, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի կարեւոր դերի մասին, խօսեցինք Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի մասին: Ես շեշտեցի, որ Միացեալ Նահանգները, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ յարաբերութիւնները որպէս բարձր առաջնահերթութիւն են դիտարկում: Մենք կ՛ուզենանք տրամադրել այն աջակցութիւնը, որ կարող ենք, ինչպէս նաեւ որպէս Մինսկի խմբի համանախագահ երկրներից մէկը, որպէսզի կարողանանք հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի (ընդհարումի-Խմբ.) երկու կողմից էլ ընդունելի լուծմանը:
Մենք գիտակցում ենք, որ կան ակնյայտ դժուարութիւններ, բայց մենք նաեւ ընդունում ենք, որ վարչապետը հրաշալի դիրքեր ունի այստեղ Հայաստանում ու կը շարունակի ունենալ ընտրութիւններից յետոյ, որպէսզի ցուցաբերի առաջնորդութիւնը այս հարցում:

ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Ձեր նոր արած մեկնաբանութեան վերաբերեալ մի ճշդող հարց. ինձ թւում է, որ նրա վարկանիշը շատ բարձր է:
ՃՈՆ ՊՈԼԹԸՆ.- Ես նրան հարցրել եմ՝ ո՞րն է նրա գաղտնիքը:

ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Պատրաստւո՞ւմ էք արդեօք օգնել այս նոր կառավարութեանը հզօրացնել, ժողովրդավարական հաստատութիւնները ու գուցէ, որոշ ամերիկեան ներդրումներ ներգրաւուել Հայաստան: Կա՞ն կոնկրետ (յստակ-Խմբ.) առաջարկութիւններ: Կարող է՞ք պատմել մեզ:
ՃՈՆ ՊՈԼԹԸՆ.- Այո, մենք խօսեցինք կոնկրետ Հայաստանում ամերիկեան ուղիղ ներդրումների աւելացման հեռանկարի մասին: Ասացի նրան եւ նրա խորհրդականներին եւ աւելի վաղ կայացած հանդիպումների ժամանակ՝ արտաքին գործերի նախարարին, պաշտպանութեան նախարարին, ազգային անվտանգութեան խորհրդականին, որ ամերիկահայերի համայնքը շատ ուժեղ է եւ ես կարծում եմ, որ աւելի սերտ հայ-ամերիկեան տնտեսական համագործակցութեան հեռանկարը հէնց մասնաւոր հատուածում է, ինչն աւելի լաւ է երկարաժամկէտ հեռանկարի համար, քան կառավարութիւնից կառավարութիւն տրամադրուող աջակցութիւնը: Այնպէս որ, կան մի քանի բաներ, որ մենք ուզում ենք դիտարկել այնտեղ, եւ յուսով եմ, որ կը կարողանանք ինչ-որ բան սկսել, որովհետեւ կարծում եմ, որ Հայաստանը որքան աւելի շատ է բաց արտաքին աշխարհի համար եւ չի սահմանափակւում իր սահմաններով՝ յատկապէս ինտերնետի դարում, հնարաւոր կը լինի յաղթահարել սահմանների հետ կապուած որոշակի խնդիրներ, եւ գուցէ ամերիկեան ներդրումները դա դիւրացնելու հնարաւոր եղանակ լինեն:

ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Պարոն Բոլթոն, կ'ուզենայի ձեզ մի փիլիսոփայական հարց ուղղել, քանի որ ինքս ձեզ փիլիսոփայ կը համարէի: Ի՞նչ կարծիք ունէք Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութեան վերաբերեալ: Արդեօք այն ապագայ ունի՞: Մենք գիտենք, որ Ռուսաստանը հսկայական ազդեցութիւն ունի այս տարածաշրջանում, եւ կան որոշակի մտահոգութիւններ՝ կապուած տարածաշրջանի երկրների, այդ թւում Հայաստանի, Վրաստանի եւ այլ պետութիւնների ինքնիշխանութեան հետ:
ՃՈՆ ՊՈԼԹԸՆ.- Կարծում եմ, որ առաւել կայուն ժողովրդավարութիւն ունեցող պետութեան համար հեռանկարը այստեղ հրաշալի է: Կարծում եմ՝ դա իսկապէս ֆունդամենտալ (հիմնական-Խմբ.) հարց է Հայաստանի համար, որ այն լիիրաւ օգտագործի իր ինքնիշխանութիւնը եւ կախուած չլինի կամ չենթարկուի արտաքին ազդեցութեան: Կարծում եմ՝ ժողովրդի համար նախընտրելի է ունենալ լայն հնարաւորութիւններ միջազգային ասպարէզում եւ չկաշկանդուել պատմական կաղապարներով: Այնպէս որ ԱՄՆի տեսանկիւնից որքան աւելի ուժեղ է ժողովրդավարութիւնը, այդքան աւելի մեծ է հնարաւորութիւնը շփուելու Միացեալ Նահանգների եւ նոյն արժէքները կրող այլ երկրների հետ:

ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Հարցս վերաբերում է տարածաշրջանի անվտանգութեանը: Գիտենք, որ անվտանգութեան առումով Ռուսաստանը այստեղ մեծ խաղացող է: Բայց որո՞նք են այլընտրանքները տարածաշրջանի երկրների համար: Դա ՆԱԹՕ-ի անդամակցութի՞ւնն է, ՆԱԹՕ-ի հետ աւելի սերտ յարաբերութիւնները, թէ ԱՄՆի հետ ռազմական համագործակցութիւն: Որո՞նք են այդ այլընտրանքները:
ՃՈՆ ՊՈԼԹԸՆ.- Կարծում եմ՝ կան շատ այլ այլընտրանքներ, այդ թւում զէնքի վաճառքի բնագաւառում: Ունենք Կոնգրեսի կողմից հաստատած սահմանափակումներ՝ կապուած Ադրբեջանին եւ Հայաստանին զէնքի վաճառքի արգելքի հետ:

ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Դա կապուած Լեռնային Ղարաբաղի հարցի հետ…
ՃՈՆ ՊՈԼԹԸՆ.- Այո, հակամարտութեան պատճառով: Բայց կան բացառութիւններ: Եւ ինչպէս ասացի վարչապետին՝ եթէ խնդիրն այն է, որ ընտրութիւն պէտք է կատարես ռուսական եւ ամերիկեան ռազմական տեխնիկա (ճարտարարուեստ-Խմբ.) գնելու միջեւ, մենք կը նախընտրէինք վերջին տարբերակը: Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամէն դէպքում աւելի լաւն է, քան ռուսականը: Այնպէս որ, ուզում ենք դիտարկել այդ հնարաւորութիւնը: Կարծում եմ, որ այն աւելացնում է Հայաստանի հնարաւորւթիւնները, երբ այն ամբողջովին կախուած չէ մէկ գերտէրութիւնից: Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի եւ պատմական իրողութիւնների հետ կապուած հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լաւատես լինելու, որ Հայաստանը կարող է աւելի տեսանելի լինել համաշխարհային ասպարէզում: ԱՄՆ-ը Հարաւային Կովկասը ռազմավարական առումով շատ կարեւոր տարածաշրջան է համարում: Այնպէս որ, Հայաստանի հետ յարաբերութիւնների բարելաւելը շատ բարձր առաջնահերթութիւն է (Թրամփի) վարչակազմի համար:
ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Միւս կողմից մենք շրջապատուած ենք երկրներով, որոնք մինչ օրս բլոկադայի (պաշարումի-Խմբ.) են ենթարկում Հայաստանը: Ադրբեջանի հետ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան պատճառով է: Թուրքիան նոյնպէս, քանի որ շատ սերտ յարաբերութիւններ ունի Ադրբեջանի հետ, շրջափակման մէջ է պահում Հայաստանին: Իրանը մեր ամենամեծ հարեւանն է, բայց ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում: Ռուսաստանը նոյնպէս պատժամիջոցների թիրախ է, բայց Ռուսաստանը մեծ շուկայ է, այդ թւում աշխատուժի շուկայ է Հայաստանի համար: Որո՞նք են Հայաստանի տարբերակները այստեղ:
ՃՈՆ ՊՈԼԹԸՆ.- Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնութեան հասնելու կարեւորութիւնը, քանի որ եթէ դա տեղի ունենայ, կը բացուի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, եւս կը բացուի: Եւ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է աւելի քիչ անհանգստութիւն առաջացնել այն առումով, թէ ինչ ճնշում կը գործադրեն նրանց նկատմամբ ռուսները:
Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կը լինի, որովհետեւ, ինչպէս ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առաւելագոյն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարուել միջուկային զէնք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչութեան կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ (արտաձգական-Խմբ.) հրթիռային ծրագրերը եւ Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիւ ռազմական գործողութիւնները: Ակնյայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի եւ ԱՄՆ կառավարութիւնների միջեւ զրոյցը շատ կարեւոր կը լինի: Սակայն, ինչպէս ընդգծեցի վարչապետի հետ զրոյցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետեւ կարծում ենք, որ Մերձաւոր Արեւելքում եւ ողջ աշխարհով մէկ նրանց վարքագիծը չարամիտ է եւ պէտք է փոխուի:

ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Դուք օրերս հանդիպեցիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ողջ աշխարհը ձեր հանդիպման կադրերն (պատկերները, ժապաւէնները-Խմբ.) էր ցուցադրում, դուք ծիծաղում էիք այնտեղ: Ինչպէ՞ս ընթացաւ այն հանդիպումը: Արդեօք կա՞յ առաջընթաց ԱՄՆ-Ռուսաստան յարաբերութիւնների տեսանկիւնից, թէ պատժամիջոցները լրիւ ուժով կը կիրառուեն:
ՃՈՆ ՊՈԼԹԸՆ.- Մենք քննարկել ենք մի շարք հարցեր: Դա նախագահ Թրամփի եւ նախագահ Պուտինի միջեւ Հելսինկիում (Յուլիսին) կայացած հանդիպմանը յաջորդող հանդիպում էր: Օգոստոսին հանդիպեցի իմ ռուս գործընկերոջը Ժնեւում: Այս (վերջին այցը) վերադարձ Մոսկուա էր, ուստի ես հնարաւորութիւն ունեցայ հանդիպելու նաեւ արտաքին գործերի, պաշտպանութեան նախարարի եւ իհարկէ, Պուտինի հետ, եւ մենք մէկուկէսժամեայ քննարկում ունեցանք: Դա շատ պրոֆեսիոնալ, շատ ծաւալուն քննարկում էր: Նախագահ Պուտինն ինքն է սպառազինութիւնների վերահսկման փորձագէտ: Այնպէս որ մենք երկար քննարկում ունեցանք «Միջին ու փոքր հեռահարութեան հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի եւ նախագահ Թրամփի կողմից հնչեցուած Ամերիկայի՝ այս պայմանագրից դուրս գալու պատճառները: Խօսեցինք սպառազինութիւնների վերահսկման այլ պայմանաւորուածութիւնների, երկու երկրների միջեւ ռազմավարական յարաբերութիւնների մասին: Անդրադարձանք Մերձաւոր Արեւելքում հակամարտութիւններին, Իրանի եւ Հիւսիսային Կորէայում միջուկային ծրագրի մի շարք ասպեկտներին (երեւութներուն-Խմբ.):
Կարծում եմ՝ դրանք օգտակար են, որովհետեւ ես համոզուած եմ, որ Ռուսաստանը իր արտաքին քաղաքականութիւնը վարում է իր ազգային շահերի հիման վրայ: Եւ ես կարծում եմ, որ մենք յաջողութեան ենք հասնում Ռուսաստանի հետ, երբ երկու կողմերն էլ անկեղծ են իրենց ազգային շահերի վերաբերեալ: Երբեմն մենք պարզապէս համաձայնութեան չենք հասնի: Սակայն մէկ այլ ժամանակ, երբ խօսենք այս խնդիրների մասին, կը կարողանանք:
Այնպէս որ, յուսով ենք, որ երկու նախագահների յաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում՝ Զինադադարի շքերթի ժամանակ (Նոյեմբերի 11ին): Կան այլ հնարաւորութիւններ: Ես նախագահ Պուտինին նախագահ Թրամփի հրաւէրն եմ փոխանցել՝ այցելելու Վաշինգտոն:

ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Մենք գիտենք, որ ձեր կինը աշխատել է «Ազատ Եւրոպա-Ազատութիւն» ռադիոկայանում, եւ դուք ինչ-որ տեղ նաեւ «Ազատ Եւրոպա-Ազատութիւն» ռադիոկայանի ընտանիքի մի մասն էք: Ի՞նչ գիտէք «Ազատ Եւրոպա-Ազատութիւն» ռադիոկայանի մասին: Մեր առաքելութեան մասին ի՞նչ կարծիք ունէք:
ՃՈՆ ՊՈԼԹԸՆ.- Կարծում եմ՝ այսօր այդ առաքելութիւնը շատ-շատ առումներով մնում է կարեւոր: Կարծում եմ, որ մենք կարող ենք աւելի շատ միջոցներ յատկացնել դրան: Շատ կարեւոր է տեղեկատուութիւն տալ այն մասին, թէ ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը տարբեր խնդիրների վերաբերեալ, պատկերացում կազմել, թէ ինչ է տեղի ունենում Միացեալ Նահանգներում եւ ինչպէս է այն ազդում աշխարհի այլ մասերի վրայ: Մենք շատ երկրներում այլ պետութիւնների կողմից տարուող շատ ակտիւ (աշխոյժ-Խմբ.) քարոզչական արշաւների ենք ականատես լինում: Դա «Ազատ Եւրոպա-Ազատութիւն» ռադիոկայանին չէ: Այն ամերիկեան լրատուամիջոցների ոգով է ներկայացնում պատմութեան բոլոր կողմերը: Եւ դա մեր պետութեան էութիւնն է: Եւ կարծում եմ՝ «Ազատութիւն»ը ողջ աշխարհին ցոյց է տալիս, որ մենք քննարկումներից չենք վախենում, բայց վճռական ենք քարոզչութեան դէմ պայքարելու հարցում: