Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (82) Յուլիս 2018

Հարցազրոյց

Իրականութիւնն աւելի սարսափելի է, քան ժամանակին մեր լսածները

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ, Հարցազրուցավար

antsoutarts1a
 
 
 
Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը
 
-Պարոն Պապեան, ինչպէ՞ս էք գնահատում Մանուէլ Գրիգորեանի շուրջ տեղի ունեցողը։ Որքանո՞վ այս ողջ կծիկը կը բացայայտուի և շատ աւելի վերեւներ կը հասնի։
-Մանուէլ Գրիգորեանի «քաջագործութիւնների» մասին դեռ 1990-ականների սկզբից էր ժողովրդի մէջ տարածուած, ահաւոր պատմութիւններ էին պատմում։ Իհարկէ, դրանց չէինք ուզում հաւատալ, բայց բաւական համոզիչ աղբիւրներից էիր գալիս դրանք։ Ակնյայտ է, որ այդ ժամանակներից ի վեր նա գտնուել է ամենավերին իշխանութեան հովանու ներքոյ։ Չի կարող պատահել որեւէ գեներալ նման բան անի և դա վրիպի իշխանութեան աչքից։ Բացառւում է, որ Մանուէլը ինչ-որ բան է գողացել ու պահեստաւորել և դրա մասին ուրիշները չեն իմացել։ Ես իմ անձնական փորձից գիտեմ, որ ֆեյսբուքի գրառումը 3 ժամ յետոյ նախագահականը տեղեակ էր, այդ կերպ էին վերահսկում ամէն ինչ։ Այնպէս որ, սա վերեւների թողտւութեամբ է տեղի ունեցել բոլոր երեք նախագահների իմացութեամբ։ Սկսուել է Տէր-Պետրոսեանից, որը Վազգէն Սարգսեանի հետ միասին հովանաւորել է Մանուէլին, որովհետեւ պէտք էր բռնի ուժը, որով ժողովրդին պէտք է սաստէին, և այդ ձեւով էլ շարունակուել է։ Ցաւօք, իրականութիւնն աւելի սարսափելի է, քան ժամանակին մեր լսածները։
-Այսինքն՝ պատասխանատւութեան ինստիտուտը պէտք է տարածուի ոչ միայն Մանուէլ Գրիգորեանի և նրա հարազատների, այլեւ երեք նախագահներն էլ պէտք է պատասխանատւութեա՞ն ենթարկուեն։
-Առնուազն բարոյական պատասխանատւութեան պէտք է ենթարկուեն, որովհետեւ քրէականը շատ դժուար է ապացուցել և կապել։ Ի վերջոյ, մարդիկ կ'ասեն, որ իրենք տեղեակ չեն եղել։ Կամ կ'ասեն, որ նա հերոս է եղել, բայց նրանք, ովքեր Հադրութի ու Մարտակերտի շրջաններում են եղել, դա չեն վկայում։ Առնուազն քաղաքական ղեկավարութեան բարոյական և քաղաքական պատասխանատւութեան հարցը պէտք է լինի։ Այդ ինչպէ՞ս է ստացւում, որ մեր երկրում գրեթէ բոլոր ոլորտներում, իսկ ռազմականում առաւել եւս, տեղի է ունենում բացասական ընտրութիւն։ Ընդհանրապէս պէտք է տեղի ունենայ դրական ընտրութիւն, բայց մենք նկատում ենք, որ մարդիկ ինչքան ավելի աղտոտուած ու խրուած էին կոռուպցիայի մէջ, այնքան աւելի շատ է դուռը բացուել նրանց առջեւ։ Կարծում եմ՝ դա պատահական չէ, որովհետեւ նման մարդկանց վերահսկելը շատ աւելի դիւրին է եղել։ Ես մի օրինակ բերեմ, երբ մէկ տարուց մի փոքր քիչ ժամանակ առաջ, երբ նախագահականը յստակ ԱԳՆ-ում յայտարարեց, որ այլեւս ձեզնից չենք ուղարկի դեսպաններ, այլ կ'անենք քաղաքական նշանակումներ։ Դա պայմանաւորուած էր նրանով, որ կադրային դիւանագէտները երբեմն ըմբոստանում էին, ասում էին՝ մեր ստանձնած միջազգային պարտաւորութիւնները պէտք է կատարենք, իսկ այսպէս կոչուած քաղաքական նշանակումները դրանք հիմնականում կոռուպցիայի, գանձագողութեան, զանազան միջոցների իւրացման մէջ խրուած մարդիկ էին, որոնց աւելի հեշտ կը լինէր կառավարել։ Դա եղել է բոլոր ոլորտներում՝ արտաքին քաղաքականութեան ասպարէզից մինչեւ բանակ, ընդ որում՝ բանակում աւելի շատ, որովհետեւ մեր իշխանութիւնն ամէն ինչից աւելի վախեցել է հրացանաւոր մարդուց։ Եթէ նայում էք վերջին տարիների ձերբակալութիւններին, տեսնում էք, որ ինձ նման խօսողներին չէին ձերբակալում, իսկ նրանք, որոնք ենթադրւում էր, որ առնչւում են զէնքի հետ, նրանց ձերբակալում էին։ Դրա համար էլ զէնքին զէնք ենք հակադրում։ Այն զէնքը, որ Մանուէլի ու մանուէլականների մօտ է, դա պահւում էր ժողովրդի դէմ կիրառելու համար։ Թող հեքիաթներ չպատմեն, իբր դա ռազմաճակատի համար էր։ Ռազմաճակատի համար պահուող զէնքը պահւում է զինապահեստում, ռազմաճակատում։ Տներում պահուող զէնքը վերջին խուժանին տրուող զէնքն էր, որ եղել է պարբերաբար։
-ՀՀԿ-ն այս օրերին բաւականին վրդովուած էր։ Իսկապէս կարծո՞ւմ էք, որ միւս գեներալներն ու օլիգարխները, որոնք անմիջական կապի մէջ էին Մանուէլ Գրիգորեանի հետ, որեւէ կասկած չունէին, որ նման բան կարող է լինել, թէ՞ միամիտ են ձեւանում։
-Իմ կարծիքով՝ բացառութեամբ մի քանի գեներալների, որոնք համեմատաբար մաքուր են, նրանց մեծ մասը խրուած է խորագոյն, ընդգրկուն կոռուպցիայի մէջ։ Բանակը միշտ բիւջէի ամենամեծ սպառողն է եղել, միշտ գտնուել է փակի տակ և թալանն այնտեղ ամենաշատն է եղել, յատկապէս որ հնարաւոր չէր որեւէ բան ասել։ Երբ մի բան ասում էիր՝ այսպէս չի, միանգամից ասում էին, որ թշնամու ջրաղացին ջուր ես լցնում։ Իհարկէ, տեղեակ են եղել։ Օրինակ, Վահրամ Բաղդասարեանն ազնւութիւն ունեցաւ և ասաց, որ զէնքի մասին իմացել է՝ կարծես այդ իմանալով օրինականացնելով անօրինականութիւնը։ Իմացել էիր, պիտի յայտնէիր, կամ առնուազն խորհուրդ տայիր, որ ինքը տանէր, յանձնէր։ Բոլոր հիմնաւորումները, թէ դա ՊՆ-ն է տուել, էլի օրէնքի խախտում է։ ՊՆ-ն ի՞նչ իրաւունքով է 190 մլն դոլարի օգնութիւն ու սնունդ տուել ինչ-որ մի հասարակական կազմակերպութեան։ Ինչու մէկ այլ ՀԿ-ի 190 դրամ էլ չի տալիս, իսկ Մանուէլին տալիս է այդ ամբողջը։ Որովհետեւ այդ ամբողջը պէտք էր անձնական շահերը օգտագործելու, ոչ թէ պետութեան համար։ ՀՀԿ-ն իմացել է այդ մասին։
Նորմալ երկրում, օրինակ Գերմանիայում, նացիստների կուսակցութիւնը՝ որպէս յանցագործների յանցախումբ, փակուեց և նրա ղեկավար կազմը առնուազն 20 տարով զրկուեց որեւէ քաղաքական գործունէութեամբ զբաղուելու իրաւունքից։ Ըստ էութեան՝ ՀՀԿ-ին պէտք է նոյնը անել, բայց մենք չենք անի, որովհետեւ մենք բարի ենք, որովհետեւ մենք վախենում ենք, որ մեզ կը մեղադրեն քաղաքական հաշուեյարդարի մէջ։ Բայց գնացէք Էջմիածին ու հարցրէք, որ այդ մարդիկ անկախութիւնից ի վեր ստորացման, վախի մթնոլորտում են ապրել։ Հարիւրաւոր մարդկանց կեանք են աղաւաղել Մանուէլն ու իր նմանները՝ սպանութիւն, ծեծ, ջարդ, բռնաբարութիւն, ինչ ասես արել է։ Հիմա ֆեյսբուքը լցուած է այդ ամէնով և վստահ եմ, որ 10 այդքան էլ մարդիկ վախենում են ասել։
-Հայաստանում ընտրութիւններ են սպասւում, բարդ պրոցեսներ են լինելու, ի՞նչ կը յաջողուի Նիկոլ Փաշինեանին և նա ի՞նչ շանս կ'ունենայ ընտրութիւններում։
-Նախ՝ ես ողջունում եմ Նիկոլ Փաշինեանին և նրանց, ովքեր այս գործերով են զբաղուած։ Զարմանալի է, որ երբեւէ ես պէտք է գովէի ԱԱԾ-ին կամ ոստիկանութեանը, բայց ստացուել է մի վիճակ, որ գովեստի են արժանի, որովհետեւ իրենք անում են այն, ինչը բժիշկն անում է վիրահատութեան ժամանակ։ Այո, ցաւագին է, այո, ինչ-որ տեղ վտանգաւոր է, բայց իրենք հասարակութեան փտած, աղտոտուած, վարակուած մասերը չէզոքացնում են։ Դա պէտք է արուի, որովհետեւ այդ ամբողջ զէնքը, ես չեմ բացառում, որ պահւում էր մի օր ռազմական յեղաշրջում իրականացնելու համար։ Ամէն մէկն ունի մի քանի հարիւր հոգի այդպիսի մարդիկ, որոնք ստրուկի նման իրեն են նուիրուած։ Սա պէտք է շարունակուի, և ես դեռ ապրիլի կէսերին եմ յայտարարել, որ առաջին քայլերից մէկը պէտք է լինի մասնաւոր բանակների զինաթափումը։ Սրանք մասնաւոր բանակներ են, ինչպէս միջնադարում ունեցել են բդեշխներն ու իշխանիկները։ Անկախ նրանից, թէ ընտրութիւններն ինչպէս կ'ընթանան, սա հակապետական գործունէութիւն է։ Միւս կողմից, այսպէս կոչուած գողական մասսան էր, որ քաղաքական իշխանութեան ձեռքին գործիք էին, ու կեղծում էին ընտրութիւնները ընտրատեղամասերում։ Հենց այդ խուժանն էր իրականացնում այդ գործը։ Այդ ամէնը պէտք է չէզոքացնել, մարդիկ պէտք է իրենց պատիժը կրեն օրէնքով, կամ առնուազն նրանց որեւէ հնարաւորութիւն չպէտք է տրուի, որ որեւէ ազդեցութիւն ունենան։ Ինչ վերաբերում է ընտրութիւններին, իհարկէ, ցանկալի կը լինէր, որ դա լինէր աշնանը, և որքան մաքրուի ու զտուի հասարակութիւնն, այնքան լաւ։
-Ինչպէ՞ս էք գնահատում Նիկոլ Փաշինեանի աշխատանքը վարչապետի պաշտօնում։
-Որոշ մարդիկ որոշ դժգոհութիւններ են արտայայտում, բայց հարցն այն է, որ այն, ինչ տեղի է ունենում, վիրահատութիւն է, իսկ վիրահատութեան ժամանակ ցաւ կայ, վտանգ կայ, անկանխատեսելի բաներ կան։ Բայց մենք մի վիճակի ենք հասել, որ այլեւս դեղօրայքային բուժումը չի փրկում։ Այսօր Նիկոլ Փաշինեանը դարձել է հասարակական վիրաբոյժ։ Այն, որ Թումանեանն ասում էր՝ մենք ներսից ենք փչացած և ներսից պէտք է գայ փրկութիւնը, ըստ էութեան, այդպէս էլ եղաւ։ Մեր փոխարէն դա ոչ ոք չի անելու։ Դրսից կարող է օգնեն, ֆինանսներ տան, տնտեսական ներդրում անեն, բայց մեզ քաղաքական կամք է պէտք։ Այսօր բացառիկ իրավիճակ է ստեղծուել, որ իշխանութիւնը ոչ թէ հանդէս է գալիս որպէս կոռուպցիան խրախուսող, յանցագործութիւնները պարտակող, այլ հակառակը։ Նոյն Մանուէլ Գրիգորեանի յանցագորոծութիւնները պարտակել է իշխանութիւնը, այսօր հակառակը, դա բացայայտւում է և դա պէտք է շարունակուի։ Այն, ինչ արուել է մինչեւ հիմա, բարձր գնահատականի է արժանի, և վստահ եմ, որ սա նոյն ձեւով կը շարունակուի, հասարակութիւնը հնարաւորինս կը մաքրուի։
ԱՂԲԻՒՐ՝ lragir.am