Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (75) Դեկտեմբեր 2017

Հարցազրոյց

Լեւոն Տէր–Պետրոսեանի ինքնաթիռը յունական ռազմական օդանաւերը դիմաւորեցին օդում: Դա ինչի՞ համար էր

antsoutarts1a
Մեր հիւրն է պատմաբան Գուրգէն Կարապետեանը
 
- Պարոն Կարապետեան, դուք մշտապէս պնդում եք, որ Եւրոպան, ընդհանրապէս՝ մեծ աշխարհը, կարիք ունի Հայաստանի և աշխարհաքաղաքական այս փոթորիկների մէջ մեր երկրի հանդէպ առանձնայատուկ քայլեր անելու: ԵՄ–Հայաստան համաձայնագիրը եւ՞ս դրա հետ էք կապում, որը եզակի է այն առումով, որ միեւնոյն երկիրը փաստօրէն գտնւում է երկու տարբեր քաղաքական բլոկների մէջ:
– Նախ ասեմ, որ համաձայնագիրը 300 էջանոց է, և ես համոզուած եմ, որ ստորագրողն էլ՝ Նալբանդյանն էլ չի կարդացել: Եւ այս փաստաթուղթը շատ պրոբլեմային է նաեւ:
Բայց միաժամանակ և՛ Ռուսաստանը, և՛ Եւրոպան համաձայն են դէմ գնալ իրենց իսկ Սահմանադրութեանն այս համաձայնագրի պարագայում: Որովհետեւ նրանց օրէնքներն արգելում են որեւէ երկիր մտնի Եւրամիութեան մէջ, եթէ ԵՏՄ անդամ է:
Բայց նրանք անտեսեցին իրենց պայմանը: Հիմա էլ նոր հասկացութիւն են հնարել՝ անհրաժեշտ է, որպէսզի Հայաստանը դառնայ կապող օղակ երկու այդ տնտեսական–քաղաքական միաւորների միջեւ:
Եւ այս փաստը խօսում է այն մասին, որ իրենք շատ լաւ են հասկանում Հայաստանի դերը ձեւաւորուող ապագայ աշխարհաքաղաքական կառուցուածքում:
Դրանից է բխում նաեւ այն փաստը, որ Նալբանդեանը համաձայնագրի ստորագրումից առաջ եղաւ Իսրայէլում: Քանզի Իսրայէլը հրաշալի հասկանում է, որ Հայաստանի տեղը խիստ հիմնարար է նոր աշխարհակարգում: Եւ այն, ինչ իրենք են ցանկանում կառուցել, հնարաւոր է, որ Հայաստանը խոչընդոտի:
Յիշենք Լոուրենս Արաբացուն, ով գրել է «Այդ անտանելի հայերը» նիւթը: Նա ի՞նչ է ասում. ասում է, որ եթէ հայերը ընդամէնը 20 տարի իրենց ոտքի տակ հող ունենան, ապա կը կառավարեն աշխարհը, և այն քաղաքական համակարգը, որը ստեղծել է Եւրոպան, կը մահանայ:
– Բայց մենք 20 տարի չէ, որ մեր ոտքի տակ հող ունենք. շուտով կը հասնի 30 տարուայ:
– Մենք դեռեւս ոչ մի օր մեր ոտքի տակ հող չենք ունեցել: Մենք անկախ պետութիւն չենք: Ոչ միայն 1918–ին, նաեւ 1991–ին մենք չենք անկախացել: Պարզապէս քանդուել է անասնագոմը, և մեզ այնտեղից դուրս են շպրտել:
Իսկ անկախութիւնն առաջին հերթին հոգեւոր կատեգորիա է: Օրինակ, հիմա եթէ անգամ ամբողջ աշխարհը կանգնի մեր դէմ ու ասի, թէ Ղարաբաղը պէտք է Ադրբեջանինը լինի, դա չի կարող տեղի ունենալ: Որովհետեւ հայն արիւն է թափել Ղարաբաղի համար, ազատագրել է այն, ու նա ինքն է որոշելու նրա ճակատագիրը:
Իսկ անկախութեան համար ոչ միայն մենք արիւն չենք թափել, անգամ չենք հասկացել, որ մենք անկախ ենք: Այնպէս որ, սա անկախութիւն չէ, սա սարսափելի կախեալ վիճակ է:
– Այսինքն՝ չենք ինքնորոշուել:
– Հենց այդպէս է: Եւ մի բան էլ՝ հայը քանի դեռ այս պետութեանն ասում է երրորդ հանրապետութիւն, նշանակում է մենք անկախ չենք: Քանզի դրանով հաւասարութեան նշան ենք դնում 1918–20 թուականների, խորհրդային Հայաստանի ու ներկայ Հայաստանի միջև: Այսինքն՝ վաղն էլ կարող ենք չորրորդ հանրապետութիւն հռչակել, եթէ Հայաստանը միանայ Կրասնոդարին, որպէս այդ մարզին ենթակայ շրջան:
– Ասացիք, որ ԵՄ– Հայաստան համաձայնագիրը պրոբլեմային դրոյթներ է պարունակում մեզ համար: Որո՞նք են դրանք:
– Գիտենք, որ գոյութիւն ունեն եւրոպական չափանիշներ: Եւ մենք պէտք է ընդունենք դրանք: Այսինքն՝ պէտք է ընդունենք միասեռականութիւնը: Ընդունենք վերջիններիս ամուսնութիւնը միմեանց հետ:
Հիմա մի բան՝ ի՞նչ է նշանակում, երբ ասում ենք, թէ մեր Սահմանադրութեամբ նշել ենք, որ ամուսնութիւնը գրանցւում է միայն տղամարդու և կնոջ միջեւ: Դէ, այդ դէպքում թող գրեն նաեւ, որ շունն այն կենդանին է, որը հաչում է: Պարզ չէ՞, որ ամուսնութիւնը լինում է կնոջ ու տղամարդու միջեւ:
Իսկ մեր Սահմանադրութեան այդ կէտը մի բան է նշանակում, որ կարող են տղաներն իրար հետ ամուսնանալ Ֆրանսիայում, գան Հայաստան ու երեխայ որդեգրեն: Որվհետեւ Եւրամիութեան ստանդարտները դա թոյլ են տալիս:
Կամ Հայաստանն իր սննդամթերքի չափանիշներով պէտք է համապատասխանի Եւրամիութեան երկրներում եղածին: Այսինքն՝ գենետիկօրէն ձեւափոխուած սննդամթերքն այնտեղից պէտք է բերուի մեր երկիր:
Կամ՝ եւրոպան պահանջում է մեր ատոմակայանի փակումը:
Եւ էլի՛ այսպիսի շատ խնդիրներ:
– Ազգային անվտանգութեան առումով այս համաձայնագիրը մեզ ինչ–որ բան կը տայ՞: Այն կը յստակեցնի՞ մեր տեղը նոր աշխարհակարգում:
– Մեր տեղը մե՛նք պէտք է յստակեցնենք: Տիգրան Մեծի թագի վրայի խորհրդանիշը հայը պէտք է լաւ հասկանայ: Ութաթեւ խաչը խորհրդանշում է կայունութիւնն ու Հայաստանը: Եւ երկու արծիւներ են, որոնք դէմքով մէկը թեքուած է արեւելք, մէկը՝ արեւմուտք: Բայց մարմնով հակուած են ութաթեւ աստղին: Այսինքն՝ մենք արեւելք չենք և արեւմուտք չենք: Մենք կենտրոն ենք:
Ինքներս պէտք է որոշենք մեր տեղը: Որից յետոյ և՛ Եւրամիութիւնը կը գայ, և ԵՏՄ–ն կը գայ, և Իսրայէլը կը գայ: Բոլորը կը գան՝ հասկանալով, թէ ով ենք մենք: Եւ մենք չպէտք է մոռանանք դա:
Երբ առաջին անգամ Լեւոն Տէր–Պետրոսեանը, որպէս նախագահ, դուրս էր գալիս Հայաստանից ու գնում էր Յունաստան, Աթէնքից օդ բարձրացան ռազմական ինքնաթիռները, շրջապատեցին մեր նախագահի ինքնաթիռը և այն իջեցրեցին իրենց երկրում: Ինչո՞ւ դա արեցին: Նրանք դրանով անձամբ Լեւոն Տէր–Պետրոսեանին չէին դիմաւորում, այլ դիմաւորում էին այն Հայաստանը, որը վստահ էին, որ պէտք է գրաւի իր տեղը:
Բայց մենք՝ հայերս, չընկալեցինք մեր տեղը: Ու այդ պատճառով մեզ աշխարհում օր–օրի շպրտում են մի կողմ, որպէս չորրորդական–հինգերորդական կարգի մի երկրի:
Գոհար Սարդարեան
«Փաստ» օրաթերթ