Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (73) Հոկտեմբեր 2017

Հարցազրոյց

Կառավարութիւնը մի քիչ խուճապի մէջ է. Դրսից եկածները մէկ հարց են տալու

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ, Հարցազրուցավար

antsoutarts1a
Մեր զրուցակիցն է ազգագրագէտ Հրանուշ Խառատեանը
-Տիկին Խառատեան, Երեւանում մեկնարկել է «Հայաստան-Սփիւռք» 6-րդ համաժողովը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս համաժողովը, որի վերաբերեալ տարբեր կարծիքներ կան։ Մի մասն ասում է, որ սփիւռքից գումար կորզելու միջոց է, միւս մասը՝ միասնական օրակարգ ձեւաւորելու նպատակ ունի։ Առհասարակ, որքանո՞վ են արդարացուած նման համաժողովները։
-Ես անիմաստ եմ համարում այս բոլոր հաւաքները։ Այսքանը։ Եթէ անիմաստ է, ինչի՞ մասին խօսեմ։
-Իսկ ընդհանրապէս հնարաւո՞ր է, որ Հայաստանն ու սփիւռքը մէկ օրակարգ ունենան, կարո՞ղ են Հայաստանում օգտագործել սփիւռքի ներուժը։
-Ինձ թւում է՝ Ձեր հարցադրումն արդէն միակողմանի է՝ կարո՞ղ ենք մենք օգտագործել սփիւռքի ներուժը։ Եթէ մենք երկու կողմերի մասին ենք խօսում, արդեօք շահագործողական և յաւակնոտ չի՞ մէկը միւսին օգտագործելու խնդիրը։ Եթէ մենք հարցն այդպէս ենք դնում, դա արդէն համագործակցութիւն չի։ Ինչպէս յայտնի է, սփիւռքը բազմադէմ է։ Նոյնիսկ մէկ երկրում գտնուող հայ բնակչութիւնը միակարծիք չէ տարբեր հարցերում։ Մենք հիմա տուեալ դէպքում խօսում ենք սփիւռքի ներկայացուցիչների մասին, որոնք զանազան տիպի կառոյցների ղեկավարներ են, իսկ այդ կառոյցները երբեմն շարունակում են չհամագործակցել, երբեմն չգիտեն, թէ ինչ են անում միւսները։ Ես երբեւէ առիթ չեմ ունեցել տեսնելու, որ Հայաստան-սփիւռք այդ 6 համաժողովներին եկած մարդիկ թէկուզ իրենց երկրներում համագործակցեն։ Ես նաեւ կարծում եմ, որ առաջարկուող օրակարգն ինքը այդպիսի համագործակցութեան առիթը չի տալիս։ Կարծում եմ՝ այստեղ քիչ թէ շատ կարող էր արդիւնաւէտ լինել, եթէ օրակարգում դրուէր սիրիահայութեան խնդիրը, որի առջեւ բոլորս պարտաւորութիւններ ունենք, թէ Հայաստանը որպէս երկիր, թէ Հայաստանի ու սփիւռքի հայ բնակչութիւնը որպէս հայրենակիցներ, և նաեւ Սիրիայի հայ բնակչութեամբ սնուած երկրներ։ Օրակարգում այդ հարցը չկայ, թէեւ ամենագործնական հարցերից մէկն է։
Ես կարծում եմ, որ այս համաժողովում, բացառապէս հայաստանեան խնդիրներ դնելով, մեր երկիրը շատ եսասիրաբար է զբաղուել։ Համաժողովում Արա Ա կաթողիկոսն ասաց, որի մասին ես բազմաթիւ անգամ եմ ասել, թէ ինչու համաժողովում դրուած չէ Հայաստանի արտագաղթի խնդիրը։ Ընդ որում, ես սրան չեմ նայում միայն Հայաստանի տեսանկիւնից, այլ նաեւ սփիւռքի տեսանկիւնից, քանի որ արտագաղթողները համալրում են հայկական սփիւռքը։ Նոր խնդիրներ են առաջանում, նոր ինքնութեան հարցեր են առաջանում, փոխհարաբերութիւնների մերժման կամ ընդունման հարցեր են առաջանում։ Այսինքն՝ սփիւռքում տեղի են ունենում նոր պրոցեսներ։ Ցաւօք, արտագաղթի խնդիրը երբեք չի դրուել օրակարգում։ Անընդհատ սփիւռքի տարբեր տեղերից գալիս են ահազանգեր ուծացման արագ տեմպերի մասին։ Սփիւռքի նախարարութիւնն անընդհատ խօսում է ազգապահպան առաքելութեան, ուծացման դէմ պայքարելու կարեւորութեան մասին, բայց ո՞ւր է այդ հարցը, ինչու չկայ այս համաժողովում։
-Սերժ Սարգսեանն իր ելոյթում նշեց 2040 թուականին 4 մլն բնակչութիւն ունենալու մասին ծրագրի մասին։ Որքանո՞վ է իրատեսական արտագաղթի այս ֆոնին։
-Սերժ Սարգսեանի ասած 4 մլն-անոց Հայաստանը գնաց համալրելու ապահով Հայաստանի, լաւ հեռանկարների, արդարութեան վերականգնման, դատարաններին վստահելու մասին նրա յայտարարութիւնների շարքը։ Ո՞ւր է այդ ծրագիրը, ո՞ր ծրագրով է այդ 4 մլն-ը ստեղծուել։ Սփի՞ւռքը պէտք է մեզ համար ստեղծի այդ 4 մլն-ը, դրա համա՞ր են հարցը սփիւռքում քննարկում։ Այսինքն՝ եթէ օրինակ դատարանների անկախութեան, արդարադատութեան խնդիրները Հայաստանում լուծուեն, արտագաղթի խնդիրը կը լուծուի, ես դրանում մի վայրկեան անգամ կասկած չունեմ։ Այդ 4 մլն բնակչութիւնն ունենալու համար շատ քիչ բան է պէտք՝ սփիւռքն էլ կը գայ, ներդրումներն էլ կը լինեն, բնակչութիւնն էլ կը վստահի, գնացողների մի մասն էլ կը վերադառնայ, աշխատանքներ կսկսեն։ Հիմա ինչո՞ւ ենք այդ հարցը դնում Հայաստան-սփիւռք համաժողովում, եթէ դա մեր ներհայաստանեան խնդիրն է։ Սփիւռքի հայութիւնը գալու է մեզ համար արդարադատութի՞ւնը վերականգնի, դա է՞լ ենք սփիւռքից ակնկալում։
-Այսինքն՝ մենք գործ ունենք ձեւի և ոչ բովանդակութեան հե՞տ։
Մենք վաղուց գիտենք, որ Հայաստանում միայն մէկ բովանդակութիւն կայ՝ վերջին ռեսուրսները գամելու բովանդակութիւնը։ Այս տարի, ինչպէս յայտնի է, արտաքին պարտքի մարումը գրեթէ կրկնակի աւելացել է։ Ես կարծում եմ՝ ներկայ կառավարութիւնը մի քիչ խուճապի մէջ է։ Ասում եմ՝ մի քիչ, որովհետեւ երևի թէ անձերին այս վիճակը չի հասնի, իսկ ահա ՀՀ քաղաքացիները, որոնք պէտք է վճարեն այդ պարտքը՝ աշխատավարձերի կրճատմամբ, ունեցուածքի վաճառքով, թէ առհասարակ հարկային բեռով, այդ ծանրութիւնն զգալու են։ Դա մեր բոլորի խնդիրն է։ Ցաւօք, այդ խնդիրը չի հասնելու այն մարդկանց, որոնք վաղուց պէտք է դրա հետ կապուած ծրագիր ունենային։ Հիմա երբ այս խնդիրը բարձրաձայնում են Հայաստան-սփիւռք համաժողովում, պարզ չի՞, որ դրսից եկածները մէկ հարց են տալու՝ ինչո՞ւ է այդպէս։ Ինչու է երկիրը շարունակում պարտքեր վերցնել, և այդ պարտք վերցուած փողերի ծախսման արդիւնաւէտութեան վերաբերեալ ոչ մի հաշուետւութիւն չկայ։ Արուած պարտքերից որի՞ արդիւնաւէտութեան վերաբերեալ մենք պատկերացում ունենք և ո՞վ է հետազօտել։ Օրինակ՝ «Հիւսիս-Հարաւ» ծրագիրը, որտեղ ահռելի ներդրումներ են կատարուել ու դեռ հսկայական աշխատանք կայ անելու։ Այդ բոլորը պարտք է, ո՞նց ենք այդ պարտքերը փակելու։ Ինչո՞ւ այս հարցը չեն բարձրաձայնում «Հայաստան-սփիւռք» համաժողովում։ Թող մէկը կանգնէր ու ասէր, թէ որքան գումարներ են թաղուած այդ ծրագրի տակ։
-Կարելի՞ է ասել, որ թէ Հայաստանը, թէ սփիւռքը համակերպուել են այս իրավիճակին։
-Ես չգիտեմ՝ համակերպւում բառն ինչ է նշանակում։ Համակերպուել նշանակում է իրերի իրավիճակի մէջ տեղաւորուել։ Ես չեմ կարծում, որ սա համակերպում է, կարծում եմ, որ մարդիկ չեն ուզում միջամտել այդ խնդիրներին՝ մտածելով՝ մեր ի՞նչ գործն է, զօրքն էլ է իրենց ձեռքին, զէնքն էլ, բանկն էլ, դատարաններն էլ։
-Տեսակէտ կայ նաեւ, որ համահայկական խորհուրդ ստեղծելով ՝Սերժ Սարգսեանը փորձում է սփիւռքի աչքում լեգիտիմացնել իրեն։
-Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսեանը դրա կարիքն ունի։ Մեզ շատ լաւ յայտնի է, թէ երկու անգամ իր բոլոր փորձերը սփիւռքի հայութեան հետ հանդիպելու ինչ արտաքին ցուցադրութիւն է ունեցել։ Ես կարծում եմ՝ «Հայաստան-Սփիւռք» համաժողովի ձեւաչափը պահպանւում է ինչ-որ արտաքին ցուցադրութեան համար։ Այստեղ ոչ մի բովանդակութիւն չկայ, ոչ մի պարտաւորութիւն չկայ, ոչ մի ծրագիր չի իրականացւում, և ես մտածում եմ, որ ծրագրեր չեն էլ կազմւում։ Այսինքն՝ ծրագրերի մասին խօսելը դեռ ոչինչ չի նշանակում, այդ խօսքերը դեռ ծրագիր չեն։ Ի վերջոյ, երբ յայտարարւում է՝ էս որոշեցինք, էն որոշեցինք, ես դեռ չգիտեմ դէպք, որ հաշուետւութիւն է ներկայացուել այս կամ այն որոշման իրականացման համար։ Այնպէս որ, ես անիմաստ եմ համարում այդքան մարդ հաւաքել համաժողովի։ Նրանք յաճախ իրար հանդիպում են նաեւ աշխարհի տարբեր ծագերում, ընթրում են, ճաշում են, հարցազրոյցներ են տալիս, իրար մետալ են տալիս, թերթերում իրար մասին գրում են, հագուստները ցուցադրում են, կենացներն ասում են։ Բա մեղք չե՞ն այդ մարդիկ, մենք էլ հետները։
Աղբիւր՝ lragir.am