Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (75) Դեկտեմբեր 2017

Կիպրահայ

«Հայ-կիպրական և հայ-յունական սփիւռքների միջեւ սկսուել է ակտիվ համագործակցութիւն». ՀՀ սփիւռքի նախարար

Դեկտեմբերի 14-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ ՀՀ սփիւռքի նախարարի, Կիպրոսի Հանրապետութեան նախագահի հումանիտար և արտերկրեայ հարցերով յանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Յունաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի մամուլի ասուլիսը:
Ներկայացնելով հիւրերին՝ ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը մասնաւորապէս նշեց. «Հայ-կիպրական և հայ-յունական սփիւռքների միջեւ սկսուել է ակտիվ համագործակցութիւն: Սկիզբը դրուել է 2017թ. Յունիսի 19-ին, երբ Կիպրոսի Հանրապետութեան նախագահի արտերկրեայ և հումանիտար հարցերով յանձնակատարի գրասենեակի հետ ստորագրեցինք փոխըմբռնման յուշագիր: Մեր եռակողմ հանդիպումը տեղի է ունենում արդէն երկրորդ անգամ: Վաղը մենք Յունաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի հետ փոխըմբռնման յուշագիր կը ստորագրենք: Համագործակցութիւնը շարունակուելու է յատկապէս երեք երկրների սփիւռքների միջեւ: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Յունաստանի և Կիպրոսի կառավարութիւններին, որ մեր համայնքների համար ստեղծել են լաւագոյն պայմանները ազգային դիմագիծը պահպանելու և զարգանալու համար: Նաեւ շնորհակալ ենք երկու պետութիւններին, որ ընդունեցին Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքը: 2015թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է բանաձեւ՝ ճանաչելով Պոնտոսի յոյների և ասորիների ցեղասպանութիւնը: 2015 թուականի Սեպտեմբերին, Հայաստանի նախաձեռնութեամբ, ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովը բանաձեւով որոշել է Դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանութեան յանցագործութիւնների զոհերի յիշատակի, արժանապատւութեան յարգանքի եւ այդ յանցագործութեան նախազգուշացման միջազգային օր:
Այսօր շարունակւում են լաւագոյն յարաբերութիւնները երկու երկրների միջեւ բոլոր ոլորտներում: Մեր գլխաւոր նպատակն է աւելի ակտիվ աշխատանք տանել երիտասարդութեան հետ, տաբեր երկրներում հայ, յոյն և կիպրացի երիտասարդների հաւաքներ կազմակերպել: Ծրագրել ենք նաեւ երեք երկրների մասնակցութեամբ գիտական, կրթական, մշակութային միջոցառումներ, ցուցահանդէսներ կազմակերպել: Ուզում եմ նաեւ շնորհակալութիւն յայտնել իմ գործընկերներին Ֆոտիու Ֆոտիսին և Տերենս-Նիկոլաոս Քուիքին, որ եկել են Հայաստան: Յուսով եմ, որ մեր եռակողմ համագործակցութիւնը կարող է շատ կոնկրետ և լուրջ արդիւնքներ ունենալ: Մեր համագործակցութիւնն աշխարհում նախադէպը չունի՝ առաջին անգամն է, որ երեք երկրներ միասին են զբաղւում սփիւռքի հարցերով»:
Կիպրոսի Հանրապետութեան նախագահի հումանիտար և արտերկրեայ հարցերով յանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը շնորհակալութիւն յայտնեց հանդիպումների համար և յոյս յայտնեց, որ համագործակցութիւնը կը շարունակուի: «Մենք ունենք պատմականօրէն ձեւաւորուած բարեկամական կապեր, մեր կառավարութիւնները համագործակցում են, ժամանակն է, որ մեր սփիւռքները, յատկապէս երիտասարդները համագործակցեն», - յաւելեց նա:
Յունաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին նոյնպէս կարեւորեց երիտասարդների հետ համակարգուած աշխատանքը և նշեց. «2018 թուականը հարուստ է լինելու մեր համատեղ հանդիպումներով ու ձեռնարկներով: Տարուայ օրակարգն արդէն ներկայացուեց ամբողջութեամբ։ Յաւելեմ, որ առաջինը Փարիզում է հանդիպում լինելու երիտասարդութեան հետ, իսկ երկրորդ միջոցառումը լինելու է Սալոնիկում, որտեղ մեծ հայկական համայնք կայ։ Այստեղ մենք ցուցահանդէս ենք կազմակերպելու: Կարեւորը սկսելն է»: