Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (81) Յունիս 2018

Տեսակէտ

«Մի թքիր երկիր պահող աղքատների հոգուն…»
antsoutarts1a

Այս յօդուածի առաջին տողերն էի գրել, ու յանկարծ հեռախօսազանգ, իմ ռուս բարեկամն էր, Վալենտին Վոլկովը, Մոսկուայից էր զանգահարել. «Այն, ինչ կատարուեց ձեր փոքրիկ երկրում, հրաշքի էր նման։ Դաժան փորձութիւնների միջով անցած ձեր տաղանդաւոր ժողովուրդը կրկին ցոյց տուեց, թէ ինչի է ընդունակ։ Ես հեռուստաէկրանից հետեւում էի այդ օրերին Երեւանում տեղի ունեցող ցոյցերին ու հանրահաւաքներին ու մտածում. աշխարհում չկայ աւելի հիասքանչ երկիր, քան Հայաստանը, որտեղ նոր ժամանակներ են հիմա…»։
Վոլկովը հիացմունքով ու խանդավառութեամբ էր խօսում։ Նրա տարերքը նկարչութիւնն է։ Հայաստանն ու Արցախը իրենց չքնաղ բնաշխարհով ոգեշնչման աղբիւր են նրա համար։
Վալենտին Վոլկովի հետ ծանօթացայ 1991-ին՝ Աղվերանում։ Աշնանային թախծոտ օր էր։ Նստել էինք դէմ-դիմաց, եւ նա իր կեանքի ոդիսականն էր պատմում։ Սումգայիթեան սպանդից հրաշքով փրկուել, հասել էր Հայաստան։ Ճանապարհներին տեսել է հարիւրաւոր հայ գաղթականների, արիւնալի ջարդերից դուրս պրծած, սարսափահար, հեռանում էին խմբերով, գնում էին հայրենիք։ Տեսել է սովալլուկ հայ երեխաների, կիսամերկ, ցրտից սառած մանուկների ու սիրտը սեղմուել է ցաւից։ Պատմում էր, թէ Սումգայիթում ինչպէս են իր աչքի առաջ խոշտանգել, տանջամահ արել հայերին, խարոյկի վրայ այրել, եւ նրանց օգնութեան հասնելու անզօրութիւնից կիսախելագար, թողել, հեռացել է։
Ձեռքը վիրակապի մէջ էր, քունքի վէրքը դեռ չէր սպիացել. թուրք-բարբարոսի արիւնոտ ձեռքերի հետքերը… Երբ պատմում էր, վտիտ մարմինը ցնցւում էր վերապրումներից։ Ես ծոցատետրիս մէջ գրի եմ առել նրա պատմածները, դրանք մղձաւանջային պատմութիւններ են, որ հնարաւոր չէ մոռանալ։
Վոլկովն ընտանիքով Սումգայիթում էր ապրում։ Տարիներ շարունակ հալածանքների է ենթարկուել Ադրբեջանի իշխանութիւնների կողմից՝ դեռ մինչեւ Ղարաբաղեան շարժումը, հողմի երախն ընկած դաշտագլոր բոյսի նման քշուել դէս ու դէն։ Մինչեւ անգամ գիշերն են եկել տնից հանել ու տարել, ո՞ր մեղքի համար. պարզապէս չէր կարող անտարբեր անցնել վայրագութիւնների կողքով, որ կատարւում էին Ադրբեջանում քրիստոնէական ճարտարապետական յուշարձանների նկատմամբ։ Վոլկովը աշխատանքի բերումով յաճախ էր լինում ադրբեջանական շրջաններում, ու ամէն տեղ՝ նոյն վանդալիզմը, նոյն յանցագործ ձեռքի դաժան հետքերը. աւերուած, քանդուած ռուսական ու հայկական եկեղեցիներ, դրանց կողքին սնկերի նման աճող մզկիթներ։ Եւ ընդվզել է նկարչի հոգին այդ զարհուրելի վայրագութիւնների դէմ, անարգուած, պղծուած տաճարները լուսանկարել, ուղարկել է միութենական իշխանութիւններին, հաւատով, որ իր արդար բողոքի ձայնը տեղ կը հասնի, սակայն՝ ձայն բարբառոյ յանապատի։ Վալենտինը չի յանձնուել յուսահատութեանը, շարունակել է տագնապի զանգեր հնչեցնել։ Ադրբեջանի իշխանութիւնները սկսել են հետապնդել Վոլկովին՝ նրա մէջ տեսնելով իրենց ժողովրդի ոխերիմ թշնամուն։ Դաւեր էին նիւթում ոչ միայն իր, այլեւ կնոջ ու երեխաների դէմ։ Սումգայիթեան նախճիրի օրերին խուժանը գիշերը յարձակուել է նրանց տան վրայ, ջարդել դուռը, ներս խուժել ու ամէն ինչ տակնուվրայ արել։ Բարեբախտաբար տանը ոչ ոք չկար։
Վոլկովին մտատանջում էր Սումգայիթում թողած իր նկարների ճակատագիրը։ Տան նկուղում էր թաքցրել նկարները, միայն հասցրել է ընտանիքը փրկել։ Զարհուրելի բաներ պատմեց Բաքուից։ Սումգայիթեան ջարդերից դուրս պրծել, մի կերպ հասել են Բաքու։ Գիշերը մնացել են ազգութեամբ թաթար, իր վաղեմի ծանօթներից մէկի տանը։ Նրա կինը հայուհի էր. գերեզմանափոս յիշեցնող գետնափոր հիւղակում էր ապրում, մեն-մենակ, արեւի լոյսից զրկուած։ Կնոջն ամուսինն էր թաքցրել՝ խուժանի աչքից հեռու։ Մարմնովս սարսուռ անցաւ, սարսափելի էր այդ ամէնը…
Վոլկովից հարցրի, թէ ինչ վիճակում է Բաքուի հայոց եկեղեցին, այնտեղ շա՜տ եմ մոմ վառել երեխաներիս հետ…
-Ծխամած պատերն են մնացել,- ասաց, մի փոքր լռելուց յետոյ շարունակեց,- զանգը դեռ մնում էր, չկարողացան պոկել։ Բարբարոսները մինչեւ անգամ եկեղեցու բակի հողն են փորել ու վառել, որ իսպառ վերանայ հայկական շունչը: Ասես մուրճով խփեցին քունքիս… Վոլկովն ասաց նաեւ, թէ երկու շաբաթ շարունակ ծխում էր հրոյ ճարակի մատնուած տաճարը։ Ու հիմա էլ, գրեթէ ամէն գիշեր, տեսնում եմ վիթխարի կերոնի նման այրուող, մոխրացող տաճարի զարհուրելի պատկերը, եւ ցասումից բռունցքւում են մատներս։
Դրանից յետոյ դարձեալ հանդիպումներ եմ ունեցել Վոլկովի հետ՝ արդէն Երեւանում, ամէն անգամ վայելել նրա ոգեղէն նկարներում ծփացող գոյների հրաշքը։
Վոլկովի հեռախօսազանգը Մոսկուայից անակնկալ էր ինձ համար, ու ես բաց չթողեցի առիթը, սկսեցի մտովի զրոյց բացել նրա հետ, պատմել նրան այն ամէնի մասին, ինչ չեմ հասցրել հեռախօսով։
Սիրելի Վալենտին, այս մշուշոտ ու տագնապալի քաղաքական դարաշրջանում այն, ինչ կատարուեց իմ փոքրիկ Հայաստանում, ինչպես ինքդ ասացիր մեր հեռախօսազրոյցի ժամանակ, հրաշքի էր նման։ Մինչդեռ հրաշք չկար, սակայն կար երկրի ճակատագրի համար պայքարի ելած համաժողովրդական ընդվզումը, որը շիկացման էր հասել։ Պատճառները շատ էին՝ տնտեսական, սոցիալական, բարոյական… Այն, ինչ կատարուեց Հայաստանում, անխուսափելի էր, կատարուեց՝ տասնամեակներով իմ ժողովրդի ոտնահարուող իրաւունքները վերականգնելու, երկրում տիրող գաղջ մթնոլորտը մաքրելու թելադրանքով։ Արդարութեան ձայնն էր դա, որը պիտի մի օր ընդվզէր, գարնան կենարար անձրեւի նման սրբէր տանէր երկրում կուտակուած աղտ-աղարտը։
Ստի ու կեղծիքի, շահամոլութեան ու ընչաքաղցութեան, այս ամօթալի առուծախի բորբոսահոտ ճահիճը իր մէջ է առել ողջ երկիրը։ Սասանուել էր վաղուայ օրուայ նկատմամբ հաւատը։ Մարդիկ յայտնուել էին վախի, անյուսութեան ճիրաններում, եւ տագնապահար հարցնում էին. «Ին՞չ է սպասւում մեզ ու մեր երեխաներին, այսպէս ո՞ւր ենք հասնելու…»։ Նրանք չէին ուզում համակերպուել ողջախոհութիւնը կորցրած ու բարոյազրկուած, իրեն ամբողջովին սպառած պետական կառավարման համակարգի հին գործելակերպի հետ, դառնալ նրա պատանդը։ Ըմբոստացողներին սպառնալիքներով ստիպում էին լռել, հալածանքների էին ենթարկում, դարձնում քաղբանտարկեալներ։ Մարդու արժէքը, նրա տեղն ու անելիքը կեանքում, որոշւում էր կուսակցական պատկանելութեամբ։ Ժողովուրդը յոգնե՜լ էր արդէն՝ իշխանատենչութեան մոլուցքից կուրացած, մտածողութեան նոր որակներն արհամարհող պետական պաշտօնեաների արկածախնդրութիւններից։ Նրանք իրենց ամբարտաւան պահուածքով հասել էին արձանի սառնութեան, եւ հոգիներն ամայացնող այդ վտանգաւոր սառնութիւնից օր օրի սեղմւում, փոքրանում էր հայրենիքը։ Մարդիկ ստիպուած հեռանում էին երկրից՝ դեռ չկորցնելով վերջին յոյսը, գնում էին՝ թողնելով իրենց տները, ծննդավայրը, թանկ յիշատակները, հարազատներին ու մտերիմներին։]
Սիրելի Վալենտին, ուզում եմ անկեղծօրէն խոստովանել. երկրում տասնամեակներով գոյութիւն ունեցող այրող խնդիրներից ինձ՝ որպէս մտաւորականի, առաւել շատ մտահոգել է արտագաղթը, ազգային աղէտ է դա, ամենաահարկու արհաւիրքը փոքրիկ Հայաստանի համար։ Լրագրողական աշխատանքի բերումով յաճախ եմ լինում նաեւ լքուած գիւղերում ու ամէն անգամ ցաւ եմ ապրում։ Դրանք միայն լքուած, պարպուած գիւղեր չեն։ Դրանք մարած օջախներ են, եղինջների մէջ դանդաղ մեռնող տներ՝ ամայի բակերով, որտեղ մեր լաւաշի, մեր թոնրահացի հոտը պիտի ծփար, երկիր պահող շինականի ձեռքերի հողահոտը։ Դրանք անխնամ մնալուց չորացող ծառեր են ու վայրի դարձած այգիներ, մեռնող յիշողութիւն է, դարերի խորքից եկող մեռնող աւանդոյթներ…
Մեր նշանաւորներից մէկն է ասել. «Մի թքիր երկիր պահող աղքատների հոգուն, նրանք մի օր կարող են փակել քո տունդարձի ճանապարհը։ Դա նրանց իրաւունքն է…»։ Պետական միջոցները մսխող մեր իշխանաւորները թքել էին աղքատների վրայ։ Նրանք չէին հասկանում, որ իրենց պաշտպանուածութեան զրահը կարող է մի օր ջարդուել՝ այդ նոյն աղքատների ձեռքով։ Այդպէս էլ եղաւ…
Խորապէս համոզուած եմ. եթէ թաւշեայ յեղափոխութիւնը չյաղթանակէր, երկրում տիրող ճղճիմ մթնոլորտը նոր արհաւիրքներ կը բերէր իմ ժողովրդին։ Պէտք է ասել, որ յեղափոխութեան իրականացմանը իր մեծ նպաստը բերեց երիտասարդութիւնը, մեր անկախութեան սերունդը, արժանապատուօրէն յաղթած սերունդը։ Նա քաջ գիտակցում էր, որ պահը ճակատագրական է, եւ երկրի առաջաւոր ուժերի հետ մէկտեղ պայքարի ելաւ։ Երիտասարդութիւնը գործում էր ողջամիտ, համախումբ՝ չխախտելով սահմանադրական օրէնքները, պահպանելով բարոյականութեան նորմերը։ Նայում էի գարնանային Երեւանի փողոցներով խրոխտ քայլերթով անցնող ջահել տղաներին ու աղջիկներին եւ հպարտութեամբ էի լցւում։ Այո, Աշխարհում ամենագեղեցիկ բանը երիտասարդութեան կենարար ուժն է։ Համաժողովրդական շարժման շիկացած օրերին մարդկանց ոգին բարձրացնող քայլերգերը այդ ուժի զորութեամբ ծնունդ առան, որ թաւշեայ յեղափոխութեան յաղթանակի ղօղանջներն էին տանում հասցնում հեռաւոր ափեր, նրա վեհութիւնն ու հմայքը։ Երեւանում ծաւալուող իրադարձութիւններով ոգեշնչուած, ես վերստին համոզուեցի, որ պայքարում են նաեւ երգով. լինում են պահեր, երբ երգն աւելի զօրաւոր է, քան ամենաահարկու զէնքը։
Սիրելի Վալենտին, երգը միշտ էլ իմ ժողովրդի սուրն է եղել՝ կոփուած ազատագրական ոգու կրակից։ Համաժողովրդական շարժման օրերին ես տեսայ, թէ այդ սրբազան կրակից բռնկուած խօսքը ինչպիսի՜ ազդեցութիւն կարող է ունենալ հոծ բազմութեան վրայ։ Վիթխարի ու զորեղ էր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինեանի կրքոտ, զգացմունքային խօսքը։ Երկրում տիրող անօրինականութեան, ստի ու կեղծիքի մթնոլորտը մաքրելու կոչ էր դա։ Ինձ հիացնում էր նրա անձնական արիութիւնը, զուսպ, հանգիստ, ասպետական պահուածքը։ Մարդկանց յիշողութեան մէջ ընդմիշտ կը մնան յուզիչ պահերն այն, երբ նա փորձում էր ճեղքել փշալարերի պատը. ինձ թուաց, թէ շունչս կտրւում էր. «Ո՛ւժ տուր, օգնի՜ր նրան…», խնդրում էի Աստծուն։ Այդպէս կարող է անել յանուն հայրենիքի ինքնազոհաբերման պատրաստ զինուորը։ Երբ հեռախօսով զրուցում էինք, ասացիր. «Ձեր համաժողովրդական շարժման առաջնորդը արժանի է այն մեծ ու հերոսական ժողովրդին, որի զաւակն է ինքը», լիովին համաձայն եմ քեզ հետ։ Դեռեւս շարժման առաջին օրերին մարդիկ ոգեւորութեամբ էին դիմաւորում նրան՝ Գիւմրիից Երեւան քայլերթի ժամանակ, հաւատով բացում իրենց հոգին։ Սիրոյ, միասնութեան մի վեհ քայլերթ էր դա, որը շատ մեծ խորհուրդ ունէր իր մէջ։ Բնակավայրերից մէկում, ցուցարարների մէջ կանգնած մի կին փաթաթուել էր շարժման առաջնորդին, իր մայրական անհուն սէրն ու գորովն էր տալիս նրան։ Աչքերում գոյացած արցունքի մաքուր շիթը ողողել էր կնճիռներով ակօսուած դէմքը. առօրեայ հոգսերի ծանր բեռն ուսերին առած, տանջուած, բայց չկոտրուած հայ կնոջ դէմք էր դա, որ երբեք չեմ մոռանայ…
Յօդուածիս վերջին տողերն էի գրում, երբ հնչեց դռան զանգը, հարեւանս էր, դէմքին բերկրանքն էր շողում։ Ինձ հրաւիրեց իրենց տուն՝ միասին նշելու Արաբական Միացեալ Էմիրութիւններից որդիների վերադարձը։ Դաժան ճակատագրի բերումով օտար ափերում բախտ որոնող իմ հայրենակիցներից շատերն են այսուհետ վերադառնալու Հայաստան՝ ընդմիշտ, գալու են, որ շէնացնեն տարիներով անմշակ թողած հողը, իրենց եղբայրների ու քոյրերի հետ հզօրացնեն ու դրախտավայր դարձնեն երկիրը։ Գալու են, քանզի թաւշեայ յեղափոխութիւնը, որ իմ երկրի դարաւոր պատմութեան տարեգրութեան փառաւոր էջերից է, բացեց տունդարձի ճանապարհները։
Ու հիմա ես իմ փոքրիկ Հայաստանում խորապէս զգում եմ լիարժէք մարդ լինելու երջանկութիւնը, այդ մեծագոյն վայելքը յեղափոխութիւնն է պարգեւել։ Հիմա ես չեմ վախենում սառնաշունչ հողմերի քմահաճոյքներից, որովհետեւ երկրի ղեկը ամուր ու յուսալի ձեռքերում է, երկիր, որտեղ ազատութեան թարմ շունչն է թեւածում, եւ խաղաղ են բացուող առաւօտները։
ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼԵԱՆ
«Առաւօտ»
02.06.2018
(Ուղղագրութեան փոփոխութիւնը՝ Ազատ Խօսքի)