Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (75) Դեկտեմբեր 2017

Տեսակէտ

Մենք՝ հայերս, պէտք է առերեսուենք մեր պատմութեան հետantsoutarts1a

Հայոց նոր և նորագոյն քաղաքական պատմութեան մասին իմ հրապարակումները, տարբեր գրքերից ու մամուլի էջերից մէջբերումները, արխիւային նիւթերը նորովի ներկայացնելը արժանանում են ամենահակասական արձագանգների:
Ոմանք հրապարակաւ և անձնական նամակագրութեամբ ողջունում են և աջակցութիւն յայտնում՝ գրելով, որ շատ կարեւոր մանրամասների տեղեակ չեն եղել, և ճիշտ է մեր պատմութիւնը բազմակողմանի, սթափ, մերկ ու առանց ռազմահայրենասիրական պաթոսի ներկայացման այդ ձեւը:
Միւսները հրապարակաւ քննադատում են՝ բերելով բազմաթիւ պատճառներ:
Օրինակ, որ թուրքն ու ադրբեջանցին կարող են օգտուել դրանից, երբ ես, մէջբերելով վարչապետ Ալեքսանդր Խատիսեանին, գրում եմ, որ 1918-ի աշնանը Հայաստանը ջանքեր է թափել ջարդարար Էնվէրի միջոցով ցորեն ստանալ Ադրբեջանից:
Կամ՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին ընդառաջ ուղղակի անընդունելի է, ասենք, փորձել հասկանալ և քննարկման նիւթ դարձնել Սարդարապատի հերոսամարտի և Մայիս 28-ի միչեւ կապը:
Երրորդները ինձ մեղադրում են, որ ես պատմութիւնը ընտրողաբար եմ ներկայացնում, երբ բառացի մէջբերելով վարչապետներ Խատիսեանին, Սիմոն Վրացեանին, ազդեցիկ Ռուբէն Տէր-Մինասեանին՝ յիշեցնում եմ, որ թուրքերը Մայիս 28-ին վերջնագիր են ներկայացրել:
Չորրորդները գրում են, որ ես պատմութեան կոնտեքստը ուղղակի չեմ հասկանում: Այս վերջին խումբը ուշագրաւ է նրանով, որ հայոց պատմութեան որեւէ շրջանի մասին գիտական յօդուած, գիրք կամ որեւէ այլ բան չի գրել երբեք:
Քննադատողների մի մասը անկեղծաբար խոստովանում է, որ մեր հրապարակած արխիւային հրապարակումներից է տեղեկացել, որ Պաթումի դաշնագիրը, որով Օսմանյան կայսրութիւնը ճանաչեց Հայաստանը, ունեցել է շարունակութիւն Ալեքսանդրապոլում, և դաշնագրին կից կան մի քանի յավելուածներ, որոնք ոչ պակաս կարեւոր են, քան բուն դաշնագիրը:
Որ 1919-ի գարնանը երկու հայեր մտել են Մուսավաթական Ադրբեջանի վարչապետ Ուսուպբեկովի կառավարութեան մէջ:
Որ 1918-ի յունիսից մինչև նոյեմբեր Հայաստանն ու Օսմանյան կայսրութիւնը եղել են դաշնակիցներ, ճիշտ է՝ պարտադրուած դաշնակիցներ, ավելի յստակ՝ նորանկախ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը եղել են Քառեակ միութեան՝ Գերմանիայի, Օսմանեան կայսրութեան, Աւստրօ-Հունգարիայի և Բուլղարիայի կրտսեր դաշնակիցները:
Դրուագների այս շարքը, որ կտրուկ հակասութեան մէջ է մտնում այօրուայ հայ քաղաքական մտքի ու Հայաստանի և աւանդական սփիւռքի որդեգրած քաղաքականութեան հետ, կարելի է շարունակել, բերելով բազմաթիւ այլ մանրամասներ, որոնց յիշելը այսօր պարզապէս ձեռնտու չէ:
Բարեբախտաբար, պէտք է արձանագրենք, որ քննարկման և քննադատութեան որակն ու բառապաշարը հիմնականում պահւում է պատշաճ մակարդակի վրայ՝ առանց անձնական վիրաւորանքների: Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ միայն այդ պայմաններում է հնարաւոր քննարկել մեր պատմութեան ամենացաւոտ, հակասական դրուագները:
Ինձ յանդիմանում են, թէ ինչ կարիք կայ յիշեցնել, որ հայ աւանդական երկու կուսակցութիւններ՝ ՍԴՀԿ-ն ու ՀՅԴ-ն, շփումներ և համագործակցութեան անցեալ են ունեցել երիտթուրքերի՝ Իթթիհատի ու նաեւ Իթիլաֆի հետ:
Որ երբ հայ ժողովուրդը ցեղասպանութեան էր ենթարկւում Արեւմտեան Հայաստանում, Օսմանեան խորհրդարանի հայ պատգամաւորների մի մասը շարունակում էր ջերմ շփումներ պահպանել թուրք ջարդարարների հետ:
Որ 1918-ի մայիսից մինչև նոյեմբեր Հայաստանի պաշտօնեաները բազմաթիւ հանդիպումներ ու խնճոյքներ են ունեցել նոյն այդ ջարդարարների՝ Էնվէրի, Թալեաթի ու միւս երիտթուրք ոճրագործների հետ:
Որ հայ բանագնացներից մէկը շնորհակալութիւն է յայտնել սուլթանին, քանի որ նրա բարեհաճ վերաբերմունքի շնորհիւ նաեւ հնարաւոր եղաւ ունենալ Հայաստանի Հանրապետութիւն:
Եթէ մեզ մեր պատմութեան բոլոր էջերը չեն հետաքրքրելու, ապա պատմութեան ի՞նչը պէտք է հետաքրքրի: Պաթոսն ու հրաշապատումնե՞րը:
Եթէ մենք չենք կարողանում այլոց պատմութիւնից դասեր քաղել, ապա ինչո՞ւ չպիտի գոնէ դասեր քաղենք մե՛ր պատմութիւնից:
Լաւ, թողնենք 20-րդ դարի առաջին երկու տասնամեակների պատմութիւնը, թէեւ չպէտք է թողնել, այլ կարդալ, կրկին կարդալ ու հասկանալ այն:
Մենք իրաւունք ունե՞նք խորքային վերլուծութեամբ հասկանալ Խորհրդային Հայաստանը, Արցախեան շարժումը և նրա դերակատարներին, Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը…
Ինչո՞ւ ենք վախենում մեր պատմութիւնից, երբ մեր պատմութեան բոլոր դրուագների հետ առերեսուելը օգտակար է առաջին հերթին հայոց պատմութեան և այսօրուայ Հայաստանի համար:
Թաթուլ Յակոբեան
ՍիվիլՆեթ