Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (75) Դեկտեմբեր 2017

Տեսակէտ

100-ամեակը պէտք է լինէր մեր ուսուցիչը. ՍիվիլՆեթantsoutarts1a

2018 թուականը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետութիւնների հիմնադրման 100-ամեակն է:
Հայաստանի և Վրաստանի համար 1918-ի Մայիսը պետականութիւնը վերականգնելու թուականն է, Ադրբեջանի համար՝ պետականութեան ստեղծման:
Հայաստանը 1918-ի Մայիսին իր պետականութիւնը վերականգնեց Բագրատունեաց անկումից մօտ 900 և Կիլիկեան պետականութեան կորստից շուրջ 500 տարի անց:
Երբ Բագրատունեաց Հայաստանը 1045-ին կորցրեց անկախութիւնը, հարեւան Վրաստանը իր պետականութիւնը կարողացաւ պահպանել մինչև 18-րդ դարի վերջը, 19-րդ դարի սկիզբը: Անդրկովկասի մուսուլմանների Ադրբեջան պետութիւնը աշխարհի քաղաքական քարտէսին առաջին անգամ յայտնուեց 1918-ի Մայիսին:
Այս երեք հանրապետութիւնների ինչպէս հիմնադրման ու զարգացման, այնպէս էլ անկման պայմաններն ու պատճառները տարբեր էին:
Ադրբեջանը բոլշեւիկացուեց 1920-ի Ապրիլին՝ փաստացի չդիմադրելով ռուսական 11-րդ Կարմիր բանակի ներխուժմանը: Հայաստանը դիմադրեց և՛ ռազմական, և՛ դիւանագիտական ճակատում, սակայն ընկաւ ռուս-թուրքական կամ բոլշեւիկ-քեմալական հարուածների տակ 1920-ի Դեկտեմբերի 2-ին: Վրաստանը իր անկախութիւնը կորցրեց ռուսական հարուածների տակ 1921-ի Փետրուարին:
Այս երեք հանրապետութիւնները 2018-ին նշելու են 100-ամեակները և դրանք լինելու են կամ պէտք է դառնան կարեւորագոյն իրադարձութիւններ: Անշուշտ, տրամաբանական կը լինէր, եթէ այս երեք հանրապետութիւնների ղեկավարութիւնները քաղաքական կամք դրսեւորէին և 100-ամեակի գոնէ մէկ համատեղ ձեռնարկ կազմակերպէին: Թբիլիսին նման ձեռնարկի օրինական և արդարացուած վայր կարող էր դառնալ, քանի որ երեք հանրապետութիւններն էլ հռչակուել են Վրաստանի մայրաքաղաքում: Հասկանալի է, որ Ադրբեջանը չի ցանկանայ նման քայլ կատարել՝ յղում անելով Ղարաբաղյան չլուծուած հակամարտութեանը:
Ինչպէ՞ս է նշուելու 100-ամեակը Հայաստանում
Արդէն իսկ մտահոգիչ և անլուրջ է, երբ Հայաստանի ղեկավարները 2018-ի կարեւոր իրադարձութիւններ են նշում և նոյն շարքին դասում Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը, Երեւանի 2800-ամեակը և Հայաստանի Հանրապետության 100-ամեակը:
Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը շուտ մոռացուող և աւելի շատ քարոզչական իրադարձութիւն է դառնալու: Անշուշտ, լաւ է, որ նման տարողութեան ձեռնարկ հիւրընկալելու է Հայաստանը:
Երեւանի 2800-ամեակի նշումը վիճելի է պատմական տեսանկիւնից: Վիճելի է նաեւ Էրեբունի-Երեւան կապը:
Հայաստանի Հանրապետութեան հիմնադրումը, մինչդեռ, վիճելի չէ, և կարելի է համարել հրաշք ու հայոց պատմութեան ամենակարեւոր ձեռքբերումներից: Մի պահ մի կողմ թողնենք, թէ ինչ պայմաններում և ինչպէս անձեւ քաոսից ստեղծուեց Հայաստանի Հանրապետութիւնը: Մի պահ կողմ թողնենք, որ Հանրապետութիւնը ստեղծուեց 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա միայն: Եւ կրկնենք, որ Հայաստանի Հանրապետութեան անշուք ծնունդը հայոց պատմութեան հրաշքներից էր: Եւ այն իրողութիւնը, որ այսօր ունենք Հայաստան, որի զինուորները կանգնած են 42 հազար կիլոմետր տարածքով երկրի սահմաններում, պարտական ենք 1918-ի Մայիսին ու Հանրապետութիւնը կերտող հայրերին՝ Յովհաննէս Քաջազնունուն, Արամին, Դրոյին, Մովսէս Սիլիկեանին, միւս նուիրեալներին, բայց առաջին հերթին՝ Արարատեան աշխարհի հայ ժողովրդին:
ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԿԸ ԼԻՆԷՐ, ԵԹԷ ԵՐԵՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ԴՐՍԵՒՈՐԷԻՆ և 100-ԱՄԵԱԿԻ ԳՈՆԷ ՄԷԿ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿ ԿԱԶՄԱԿԵՐՊԷԻՆ
2018-ի ընթացքում Հայաստանում և Սփիւռքում հաւանաբար կը լինեն 100-ամեակի բազմաթիւ միջոցառումներ:
Անկասկած, այդ միջոցառումներում աւելի շատ իշխելու է պաթոսը, նշուելու են Հանրապետութեան լուսաւոր կէտերը, հերոսացուելու են անհատներ, առանձին դրուագներ: Սա էլ բնական է, քանի որ 100-ամեակը տօն է, և տօներին բնորոշ են պաթոսը, ծափերը, հերոսական անցեալի փառաբանումը:
Այս ամէնի հետ մէկտեղ շատ կարեւոր և անհրաժեշտ է, որ 100-ամեակը դառնայ ինչպէս ներշնչանքի ու հպարտութեան, այնպէս էլ դասեր քաղելու առիթ և աղբիւր:
100-ամեակը պէտք է դառնայ Հանրապետութեան հիմնադիր հայրերի՝ ժողովրդին ու պետութիւնը փրկելու հերոսական մաքառումները գնահատելու, բայց նաեւ կոպտագոյն սխալները մատնանշելու ճիշտ ժամանակ:
Մենք պէտք է և նշելու ենք Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսամարտերը, բայց պէտք է նաեւ քաջութիւն ունենանք (առանց մատներ տնկելու այս կամ այն անհատի, այս կամ այն քաղաքական ուժի հասցէին) խօսելու Կարսի և Սուրմալուի շրջանների կորստի մասին:
Եթէ Սարդարապատն ու Բաշ Ապարանը որեւէ անհատի ու քաղաքական ուժի ձեռքբերումն է միայն (ինչը ճիշտ չէ), ապա Կարսն ու Սուրմալուն եւս պէտք է լինի անհատի ու քաղաքական ուժի կոպտագոյն սխալը (ինչը նոյնպէս ճիշտ չէ):
Հայաստանի Հանրապետութեան ծագման, զարգացման և անկման 1000 օրերից իւրաքանչիւրը պէտք է դառնայ մեր բաց, կառուցողական քննարկման թեման՝ զերծ բոլոր տեսակի տաբուներից:
Այո՛, 1918-ի Մայիս-Հունիսը մեր հազարամեակների պատմութեան ջրբաժանն է. մինչեւ 1918-ի Մայիս չունէինք պետութիւն և պետականութիւն, իսկ 1918-ի Մայիսից ունեցանք, կերտեցինք այդ պետականութիւնն ու պետութիւնը: Բայց այս իրողութիւնը չպէտք է մեզ ստիպի չխօսել բացթողումների ու սխալների մասին:
Մենք պէտք է դասեր քաղենք նաեւ մե՛ր պատմութիւնից:
100-ամեակը պէտք է լինէր մեր ուսուցիչը:
Թաթուլ Յակոբեան
ՍիվիլՆեթ