Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (68) Ապրիլ 2017

Այլազան

Կոչ Աշխարհի Արուեստագէտներին

antsoutarts1aՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Հետք».- Այսօր՝ Ապրիլի 3ին, անուանի սփիւռքահայերի մի խումբ, այդ թւում Սերժ Թանկեանը, Արսինէ Խանջեանը, Ատոմ Էգոյեանը եւ Էրիկ Նազարեանը ժամանել են Արցախ՝ տարածաշրջանում եռօրեայ այցելութիւն կատարելու նպատակով: Սփիւռքի հեղինակաւոր գործիչները Արցախ են ժամանել Արցախի կեանքին ծանօթանալու, ժողովրդին ճանաչելու եւ Թուֆենկեան բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի սահմանային գօտիներում տարուող աշխատանքներին ծանօթանալու համար: Այցը կազմակերպել է Թուֆենկեան հիմնադրամը:
Ստեփանակերտ ժամանելուն պէս հիւրերը հանդիպեցին ԱՀ նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելու համար Արցախին վերաբերող հիմնահարցերը: Հանդիպմանը յաջորդեց մամլոյ ասուլիս, որի ընթացքում Սերժ Թանկեանը, Արսինէ Խանջեանը, Ատոմ Էգոյեանը եւ Էրիկ Նազարեանը խօսեցին դէպի Արցախ իրենց այցի եւ դրա առաքելութեան մասին, իսկ այնուհետեւ պատասխանեցին լրագրողների հարցերին:
Ասուլիսի ընթացքում հիւրերն աշխարհի արուեստագէտներին կոչ արեցին այցելել Արցախ եւ աջակցել երիտասարդ եւ տաղանդաւոր այն արցախցիներին, ովքեր շարունակում են գրել, ստեղծագործել, նուագել եւ նկարել, անգամ այն ժամանակ, երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից եւ շրջափակման մէջ են գտնւում: Արուեստագէտները հրապարակել են հետեւեալ կոչը.
«Մէկ տարի առաջ՝ ճիշդ այս օրերին, արցախեան հակամարտութեան շփման գիծը դարձեալ բռնկուեց, երբ ադրբեջանական զինուած ուժերն անակնկալ յարձակումով կրակ թափեցին ոչ միայն առաջնագծի դիրքերին, այլեւ խաղաղ բնակավայրերի, դպրոցների եւ անզէն բնակիչների վրայ: Արցախի ինքնապաշտպանական ուժերը, սակայն, արդէն որերորդ անգամ, ինքնապաշտպանական գործողութիւններով կասեցրեցին ադրբեջանական այս ագրեսիան, որի միակ արդիւնքը մարդկային եւ նիւթական վնասները եղան՝ երկու կողմերի համար:
1988ից ի վեր, կամ այն օրից, երբ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Խորհրդային Միութեան եւ միջազգային օրէնքների տառն ու ոգին յարգելով, որոշեց կերտել իր սեփական ճակատագիրը եւ գործադրել ազատ ինքնորոշման իր իրաւունքը. Ադրբեջանը հակադարձեց պոգրոմներով, տեղահանութիւններով, յարձակումներով եւ ռազմական լայնածաւալ գործողութիւններով: Հակառակ այս բոլորին, Արցախի ժողովուրդը կարողացաւ պաշտպանել իր պապենական հողերը, անկախութեան հանրաքուէ իրականացնել եւ պետութիւն ստեղծել:
Հակառակ նրան, որ միջազգային հանրութիւնը այլեւայլ պատճառներով դեռեւս չի ճանաչել Արցախի պետութիւնը, հազարաւոր տարիներ ի վեր այս հողի վրայ ապրող ժողովրդի զաւակները շարունակում են ստեղծագործել եւ արարել, կառուցել եւ ծաղկեցնել, նոյնիսկ երբ սահմանների երկայնքով չեն դադարում ադրբեջանական յարձակումները, ռումբի պայթիւնները, զէնքերի կրակոցները: Այստեղ՝ այս պատմական հողի վրայ, ուր զինադադարի խախտման, վիրաւորների եւ զոհերի մասին լուրերը շատ աւելի են, քան որեւէ այլ տեղեկատուութիւն, հազարաւոր երեխաներ ու երիտասարդներ զրկւում են ստեղծագործելու եւ արարելու իրենց արդար իրաւունքից, քանի որ երկիրը դեռեւս մնում է շրջափակուած, իսկ զինադադարը՝ փխրուն: Հազարաւոր տաղանդներ գրիչ եւ վրձին բռնելու փոխարէն ստիպուած են լինում զէնք վերցնել եւ ճակատ մեկնել՝ իրենց տունն ու հայրենիքը պահելու համար: Ադրբեջանական յարձակումների եւ այս պարտադրուած պատերազմի բերումով, այս երիտասարդները զրկուած են խաղաղութեան մէջ ստեղծագործելու եւ իրենց տաղանդը բացայայտելու իրաւունքից:
Սահմանամերձ բնակավայրերում ապրող հազարաւոր աշակերտներ դպրոցներում երգ ու երաժշտութիւն լսելու փոխարէն պայթող ռումբի եւ կրակոցների ձայներն են լսում:
Բայց այս բոլորով հանդերձ՝ մեծ է այն տաղանդաւոր երիտասարդների եւ արուեստագէտների թիւը, որոնք շարունակում են գրել, ստեղծել, նուագել եւ նկարել, նոյնիսկ երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից եւ գտնւում են շրջափակման մէջ: Դժբախտաբար, նրանք աշխարհի իրենց գործընկերների հետ շփուելու շատ քիչ առիթ են ունենում, շրջափակումն ու մեկուսացումը խոչընդոտում են փոխադարձ այցելութիւններին, շփումներին եւ փորձի փոխանակմանը: Այս ստեղծագործ տաղանդները աշխարհին բացուելու եւ փոխադարձ ճանաչողութեան շատ սահմանափակ հնարաւորութիւններ ունեն: Նրանք պարզապէս զրկուած են արուեստագէտի համար կենսական այս իրաւունքից:
Ահա այս պատճառով, աշխարհի բոլոր ազատ մտածող արուեստագէտներին կոչ ենք ուղղում, որ այցելեն Արցախ, դառնան խաղաղութեան եւ համերաշխութեան գործընկերներ, կապ եւ շփում հաստատեն տեղի արուեստագէտների եւ ստեղծագործ, տաղանդաւոր մարդկանց հետ, աջակցեն, որ նրանք եւս աշխարհին բացուելու հաւասար հնարաւորութիւն ունենան եւ կարողանան իրականացնել խաղաղութեան մէջ ստեղծագործելու եւ աշխարհի հետ կիսուելու իրենց համամարդկային իրաւունքը:

ՍԵՐԺ ԹԱՆԿԵԱՆ,
ԱՐՍԻՆԷ ԽԱՆՃԵԱՆ,
ԱԴՈՄ ԷԳՈՅԵԱՆ,
ԷՐԻԿ ՆԱԶԱՐԵԱՆ