Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (85) Նոյեմբեր 2018

Անցուդարձ

«Մեր գործընկերները պէտք է ընկալեն Հայաստանի խոցելիութիւնը». ԱԳ փոխնախարար Նազարեանը՝ Իրանի դէմ պատժամիջոցներու մասին

ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Իրանի նկատմամբ սահմանուած միջազգային պատժամիջոցների հարցը զգայուն թեմա է Հայաստանի համար: Այս մասին ՀՀ ԱԺում 2019 թուականի բիւջէի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտօնակատար Կարէն Նազարեանը՝ ի պատասխան «Ծառուկեան» խմբակցութեան պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանի խնդրանքին՝ անդրադառնալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի յայտարարութեանը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերեալ:
Զոհրաբեանը հետաքրքրուեց՝ տարածաշրջանի երկրների կողմից համարժէք արձագանգ կա՞յ, որովհետեւ քաղաքական վերլուծաբաններին մտահոգում է՝ եթէ արձագանգը ճշգրիտ չլինի, դա կարող է յանգեցնել Հայաստանի «կղզիացմանը»:
Նազարեանի խօսքով՝ Հայաստանը մշտապէս լիակատար աջակցութիւն է ցուցաբերել համատեղ գործողութիւնների, ծրագրերի իրականացմանը, որոնք կնքուել են Իրանի եւ գործընկեր պետութիւնների հետ:
«Մեզ համար կարեւոր է, որպէսզի շարունակուեն բարիդրացիական յարաբերութիւնները մեր հարեւան երկրի հետ: Այս առումով ՀՀ ԱԳՆն շարունակում է իր կարեւորագոյն առաքելութիւնը, այն է՝ գործընկեր պետութիւնների հետ իրականացնում է թափանցիկ քննարկումներ՝ կարեւորելով Հայաստան-Իրան յարաբերութիւնները մի կողմից, միւս գործընկեր պետութիւնների հետ յարաբերութիւնները՝ միւս կողմից», ասաց նա:
Ըստ Նազարեանի՝ Բոլթոնի այցի մասին շատ է խօսուել, եւ այդ այցը առիթ էր մեզ համար ամենաբարձր մակարդակով վեր հանելու տարածաշրջանային զարգացմանը միտուած խնդիրները, նաեւ լսելի դարձնելու մեր մօտեցումներն այն մարտահրաւէրների առնչութեամբ, որոնք ծառացած են մեր պետութեան առջեւ:
«Ծառուկեան» խմբակցութեան մէկ այլ պատգամաւոր՝ Միքայէլ Մելքումեանը, նշեց, որ յայտնի է՝ Հայաստանը եւ Իրանը ապրանքափոխանակման պայմանագիր ունեն՝ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց:
«Ադրբեջանը դադարեցրել է մօտ 2 մլրդ. խորանարդ մետր գազի ձեռք բերումը Իրանից: Ի՞նչ էք կարծում, որո՞նք են այն ռիսկերը (վտանգները-Խմբ.), որ կարող են վերաբերել այդ ապրանքափոխանակման պայմանագրին, այդ սանկցիաները (պատժամիջոցները-Խմբ.) կարո՞ղ են խանգարել դրան», հարցրեց պատգամաւորը:
Նազարեանը պատասխանեց, որ այս պահին ուշադրութեամբ հետեւում են Իրանի ուղղութեամբ զարգացող իրադարձութիւններին, մշտապէս կապի մէջ են Իրանի գործընկերների հետ:
«Այո, 2008 թուականից ի վեր իրականացնում ենք «գազ՝ էլեկտրականութեան դիմաց» գործարքը, որից ոգեւորուած են մեր եւրոպացի գործընկերները: Նրանք էլ են փորձում նման գործարք կնքել: Լինելով փոքր երկիր՝ կարողանում ենք արտահանել մեր դրական փորձը: Մենք մշտապէս հաւատարիմ ենք եղել միջազգային պատժամիջոցների ռեժիմին, սակայն, միւս կողմից, էական է, որ մեր գործընկերները առաւելագոյնս ընկալեն այն խոցելիութիւնը, որը բաժին է հասել Հայաստանին՝ որպէս դէպի ծով ճանապարհ չունեցող երկիր: Ես յոյս ունեմ, որ բաց, թափանցիկ յարաբերութիւնների շնորհիւ վտանգ չի լինի մեր հարեւան երկրներին», ասաց նա:
Մելքումեանն էլ հետաքրքրուեց Հայաստան-Իրան երկաթուղու ճակատագրով:
«Մենք տարիներ շարունակ խօսում ենք Իրան-Հայաստան երկաթուղու մասին: Այսօր Ադրբեջանը կառուցում է երկաթուղի: Երբ կայ «կղզիացման» վտանգ մեզ համար, առաջիկայ 10 տարում Հայաստան-Իրան երկաթուղու պրոյեկտը (ծրագիրը-Խմբ.) հնարաւո՞ր է սկսուի, թէ ոչ», հարցրեց նա:
Նազարեանը պատասխանեց, որ իր համար դժուար է կանխատեսել, թէ երբ կը կառուցուի երկաթուղին, սակայն, ըստ նրա, հարցը օրակարգային է:
«Մեր փորձագէտները գտնում են, որ կայ կենսունակութեան խնդիր, պէտք է ապաւինենք մեր մասնագէտների փորձառութեանը եւ տեսակէտներին», ասաց Նազարեանը: