Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (85) Նոյեմբեր 2018

Անցուդարձ

«Պատերազմի դասերից էր ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի ձեւակերպումը Վիլսոնեան յայտնի 14 կէտերում»

Աշխատանքային այցով Փարիզում գտնուող Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանն 11 Նոյեմբերին մասնակցել է «Փարիզի խաղաղութեան համաժողովի» աշխատանքներին: Ֆորումն անցկացւում է Առաջին աշխարհամարտում կնքուած զինադադարի 100-ամեակին նուիրուած միջոցառումների շրջանակում:
Համաժողովը բացուել է «Փարիզի խաղաղութեան համաժողովի» ղեկավար կոմիտէի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուել Մակրոնի ողջոյնի խօսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը և Միաւորուած ազգերի կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը «Փարիզի խաղաղութեան համաժողովի» շրջանակում հանդէս է եկել ելոյթով, որում, մասնաւորապէս, նշել է.
«Պետութիւնների և կառավարութիւնների յարգարժան ղեկավարներ
Տիկնայք և պարոնայք,
Մենք այստեղ ենք հաւաքուել` նշելու Առաջին համաշխարհային պատերազմի աւարտի 100-ամեակը: Սա բացառիկ նշանակութիւն ունեցող միջոցառում է, որ կոչուած է ոգեկոչելու մեր հաւաքական յիշողութիւնը և արտայայտելու խաղաղութեան մեր ընդհանուր ուղերձը:
Այսօր մենք` որպէս այդ պատերազմի մասնակից ազգերի առաջնորդներ, առաջին հերթին պէտք է խօսենք Առաջին համաշխարհային պատերազմի դասերի մասին:
Երբ մի պետութիւն պատերազմ է մղում կամ փորձում է իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, ուրեմն նա հաւատում է իր ուժերին և յաղթանակին: Այդուհանդերձ, Առաջին համաշխարհային պատերազմը համամոլորակային ողբերգութիւն էր դրանում ներգրաւուած բոլոր ժողովուրդների համար, և ի վերջոյ յանգեցրեց այն յղացած պետութիւնների քայքայմանը:
Կայ համոզմունք, որ աշխարհաքաղաքական և ռազմական տեսանկիւնից պատերազմներում միշտ լինում են յաղթողներ և պարտուողներ: Սակայն, մարդկային տեսանկիւնից, ոչ ոք չի յաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և աւերածութիւններ:
Եւ չնայած մեր միասնական ջանքերին և նախորդ սխալներից սովորելու կոչերին, այդ դասերը հեշտութեամբ մոռացւում են:
Թէեւ հարիւր տարի առաջ մարդկութիւնը հասկացաւ զանգուածային ոչնչացման զէնքն արգելելու անհրաժեշտութիւնը, ցաւօք, դա չխոչընդոտեց նոր զինատեսակների ստեղծմանը:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տէրութիւններն առաջին անգամ գործածեցին «մարդկութեան և քաղաքակրթութեան դէմ յանցագործութիւն» սահմանումը` այսպիսով դատապարտելով Օսմանեան իշխանութիւններին 1,5 միլիոն հայերի ոչնչացման համար: Յետագայում այդ ահաւոր յանցագործութիւնը պէտք է կոչուէր 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւն:
Այնուամենայնիւ, ընդամէնը մի քանի տասնամեակ անց մարդկութիւնն ականատեսը եղաւ Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանութիւններին, քրիստոնեաների և եզդիների ցեղասպանութիւններին Մերձաւոր Արեւելքում, Ռոհինջա ժողովրդի դէմ գործադրուած բռնութիւններին:
Պատերազմի դասերից էր ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի ձեւակերպումը Վիլսոնեան յայտնի 14 կէտերում: Այնուհետեւ այն ընդգրկուեց ՄԱԿ-ի կանոնադրութեան մէջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում և հիմք դարձաւ ժամանակակից երկրների շուրջ կէսի անկախութեան համար:
Առաջին աշխարհամարտի արդիւնքում աշխարհի ժողովուրդներն օրէնքի ուժով հաստատեցին ազատ կամքի դրսեւորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրաւունքը: Այստեղ` Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամէնը մի քանի օր առաջ Ֆրանսիան յստակօրէն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարաւորութիւն ստացաւ հանրաքուէ անցկացնել: Ցաւօք, այդ իրաւունքի նկատմամբ մօտեցումն ընտրովի է:
Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամեակներ շարունակուող պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռեւս չի ստացել պատշաճ իրաւական լուծում: 21-րդ դարում բացարձակապէս անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը կիրառելու ցանկութիւնը կարող է վերածուել կենսաբանական սպառնալիքի:
Առաջին համաշխարհային պատերազմի արդիւնքում ստեղծուեց Ազգերի լիգան՝ ՄԱԿ-ի նախատիպը, որի վերջնական նպատակը խաղաղութեան հաստատումն էր:
Այնուամենայնիւ, ժամանակակից աշխարհում ծայրայեղականութեան դրսեւորումներն ահագնանում են: Վերոյիշեալ հաստատութիւնների նպատակն առաջին հերթին մարդու իրաւունքների պաշտպանութիւնն է: Այդուհանդերձ, այսօր մենք գրեթէ ամէն օր ականատես ենք լինում մարդու հիմնարար իրաւունքի` կեանքի իրաւունքի ոտնահարման դէպքերի:
Առաջին համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ շատերը կարծում էին, որ դա կը լինի վերջին պատերազմը: Սակայն շուտով հետեւեց Երկրորդ աշխարհամարտը: Սկսուեց պատերազմի և սպառազինութիւնների մրցավազքի նոր փուլ: Ցաւօք, առայսօր դրա վերջը չի տրուել: Աւելին, գնալով այն աւելի է խորանում:
Ահա թէ ինչու եմ կարեւորում այսպիսի հանդիպումները: Նրանք մեզ հնարաւորութիւն են տալիս խորհելու մեր ընդհանուր անցեալի, մարդկութեան պատմութեան մասին: Անշուշտ, մենք չենք կարող փոխել պատմութիւնը, և դրա կարիքն էլ չկայ: Բայց պատմութիւնը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան աւելի լաւը դառնայ:
Այդ իսկ պատճառով մենք պէտք է յիշենք Առաջին աշխարհամարտի կարեւորագոյն դասը: Որեւէ պետութիւն չի կարող իր յաջողութիւնը կառուցել ուրիշների թշուառութեան վրայ, ոչ ոք չի կարող ազատութիւն ձեռք բերել ուրիշների ստրկութեան հաշուին:
Առաջին համաշխարհային պատերազմին վերջ տրուեց հարիւր տարի առաջ: Եւ սա հիանալի առիթ է մտածելու պատերազմներից զերծ խաղաղութեան դարաշրջանի մասին:
Ես հաւատում եմ, որ այստեղ՝ Փարիզում հաւաքուած առաջնորդները կը կարողանան հասնել այդ նպատակին: Եւ դա կը լինի յարգանքի լաւագոյն տուրքը՝ մատուցուած նախորդ դարի անմեղ զոհերին»:
Ելոյթից յետոյ Նիկոլ Փաշինեանը խորհրդանշական գիրք է յանձնել «Խաղաղութեան գրադարանին»` պատմաբան Հայկ Դեմոյեանի «Հայոց ցեղասպանութեան լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը:
Աղբիւր՝ lragir.am