Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (67) Մարտ 2017

Անցուդարձ

Արցախի Ազգային Ժողովին յայտարարութիւնը՝ Սումգայիթի ջարդերուն առթիւ

Արցախի ժողովուրդը կը յարգէ Սումգայիթի զոհերուն յիշատակը

antsoutarts1aԱրցախի Ազգային ժողովի Արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովը յայտարարութիւն մը հրապարակած է Սումկայիթի հայ բնակչութեան զանգուածային ջարդերու 29րդ տարելիցին կապակցութեամբ: Ստորեւ կը հրատարակենք սոյն յայտարարութեան բնագիրը.
«1988թ. Փետրուարի 27-29ը Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում, ադրբեջանական իշխանութիւնների կողմից իրականացուել են նախապէս ծրագրուած եւ կազմակերպուած զանգուածային ջարդեր հայ բնակչութեան նկատմամբ: Օգտուելով ամենաթողութիւնից եւ գործի դնելով դաժանութեան բոլոր հնարաւոր գործիքները՝ ջարդարարներն անողոքաբար սպանել ու խոշտանգել են մի քանի տասնեակ հայերի, իսկ քաղաքն իրենց ձեռքով կառուցած աւելի քան 20,000 հայ անձանց ենթարկել բռնութիւնների ու թալանի:
Սումգայիթում Ադրբեջանի կողմից իրականացուած սոսկալի կոտորածը 20րդ դարի սկզբներին հայութեանն իր հայրենքիում ոչնչացնելու թուրքական քաղաքականութեան շարունակութիւնն էր՝ այս անգամ որպէս պատասխան ԼՂԻՄ մարզային խորհրդի 1988թ. Փետրուարի 20ի որոշման՝ մարզը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ տեղափոխելու վերաբերեալ:
Օգտուելով ԽՍՀՄ ղեկավարութեան անտարբերութիւնից եւ փորձելով խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացմանը՝ Ադրբեջանը շարունակել է իր հայատեաց քաղաքականութիւնը՝ ցեղասպանութեան ալիքը ընդլայնելով նաեւ Ադրբեջանական ԽՍՀ այլ հայաշատ բնակավայրերում, մասնաւորապէս, 1988թ. Նոյեմբերին՝ Կիրովաբադում եւ 1990թ. Յունուարին՝ Բաքւում:
Քաղաքակիրթ աշխարհն այսօր էլ լռում է՝ համարժէք գնահատական չտալով այդ վայրագութիւններին: Աւելին, օգտուելով միջազգային հանրութեան պասիւ (կրաւորական-Խմբ.) կեցուածքից՝ Ադրբեջանի բռնատիրական ղեկավարութիւնը հետեւողականօրէն շարունակում է իրականացնել հայատեացութեան քաղաքականութիւն, որի ակներեւ հետեւանքն են 2016 թուականի Ապրիլին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութիւնները եւ դրանց ընթացքում իրականացրած միջազգային իրաւունքի նորմերի կոպտագոյն խախտումները, քաղաքացիական բնակչութեան նկատմամբ կիրառուած խոշտանգումները:
Կողմերի միջեւ հաւասարութեան նշան դնելու միջազգային հանրութեան որդեգրած վարքագիծն այս օրերին էլ ադրբեջանական կողմին զինադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական սադրանքներ հրահրելու առիթ է տալիս:
Յարգելով Սումգայիթի ջարդերին ու բռնի տեղահանութեանը զոհ գնացած անմեղ հայերի յիշատակը, պահանջատէր լինելով նրանց խախտուած իրաւունքների վերականգնմանը եւ դատապարտելով այլատեացութեան, ծայրահեղականութեան ու ահաբեկչութեան ցանկացած դրսեւորում՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովը.
– Պնդում է, որ Սումգայիթի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿի 1948թ. «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով (ուխտով-Խմբ.) սահմանուած ցեղասպանութեան յանցագործութեան իրաւական ձեւակերպմանը,
– Վերահաստատում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան Ազգային ժողովի վճռականութիւնը՝ վարելու հետեւողական քաղաքականութիւն ադրբեջանահայութեան ցեղասպանութիւնը կազմակերպողներին եւ իրականացնողներին միջազգային իրաւունքի նորմերին համաձայն պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ,
– Կոչ է անում միջազգային հանրութեանը եւ բոլոր երկրների խորհրդարանական կառոյցներին դատապարտել Սումգայիթի հայ բնակչութեան զանգուածային ջարդերը՝ դրանց տալով պատշաճ իրաւական գնահատական:

28 Փետրուարի, 2017թ.
ք. Ստեփանակերտ