Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (67) Մարտ 2017

Անցուդարձ

Հայաստանի Վարչապետ Կարէն Կարապետեանի Կոչը՝ Սփիւռքահայութեան

antsoutarts1aՍիրելի՛ հայեր, Սփիւռքի մեր հայրենակիցնե՛ր,
Պատիւ ունեմ կոչով դիմելու ձեզ եւ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը:
Հայաստանը եւ Սփիւռքը մէկ ամբողջի երկու մասն են՝ միմեանց հետ կապուած պատմութեան մէկ շղթայով, մէկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերեալ անհանգստութեամբ: Մենք պատասխանատուութիւն ունենք մէկս միւսի նկատմամբ, որը մեզ համոզում է միաւորել ուժերը, բազմապատկել հնարաւորութիւններն ու շտկել մեր կեցուածքը աշխարհի նիստուկացի մէջ: Մենք այլ տարբերակ չունենք, քան լաւ երկիր կառուցելու եւ հզօր ու արդար հայրենիք ունենալու հրամայականը:
Ժամանակն է, որ շրջուենք ու ասենք ինքներս մեզ՝ փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով:
Մեր անկախութեան ճանապարհին ունեցել ենք յաջողութիւններ, նաեւ սխալներ՝ օբյեկտիւ ու սուբյեկտիւ (առարկայական եւ ենթակայական-Խմբ.) գործօններով պայմանաւորուած: Գիտակցել ենք բացթողումները, եւ հերթական սխալները թոյլ տալու իրաւունք այլեւս չունենք:
Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը եւ այսօրուայ մարտահրաւէրները պարտաւորեցնում են մեզ լինել խելացի եւ խելացի օգտագործել մեր մրցակցային առաւելութիւնները: Մեր հարստութիւնն այսօր որոշւում է ոչ թէ նաւթով ու գազով, այլ՝ Հայաստանի, Սփիւռքի եւ Արցախի խելացի մարդկային ներուժով:
Մենք գնում ենք փոփոխութիւնների, եւ այդ հորիզոնին հասնելու համար ունենք մէկ յստակ բանաձեւ՝ հայրենասէր թիմ, կամք, խելացի կառավարում եւ ծրագրեր, որոնք շարժիչ ուժ կը հանդիսանան միջավայրը որակապէս փոխելու համար:
Մենք հրաւիրում ենք Սփիւռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթութեան եւ գիտութեան ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակոյթ բերելու, Սփիւռքի մեր լաւագոյն մասնագէտների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար:
Այս առումով Սփիւռքը մեզ համար առաւելութիւն է: Չօգտագործել Սփիւռքի ներուժը, նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակուած: Չտրամադրել Սփիւռքում առկայ առաջադէմ միտքը մեր գործընկերներին, երիտասարդներին եւ ուսանողներին, նշանակում է լինել անարդիւնաւէտ այսօրուայ արագ փոփոխուող աշխարհում:
Սփիւռքի մշակոյթը պէտք է նկատելի լինի մեր կեանքում. իւրաքանչիւր շփում մեր հայրենակիցների հետ, վստահ եմ, նոր լիցք եւ ոգեւորութիւն կը հաղորդի մեզ, որի արժէքաւորումը, գուցէ, հաշուարկելի չէ, բայց արդիւնքը միանշանակ կարող է բերել աշխարհայեացքի փոփոխութեան, արժեհամակարգերի նկատմամբ հանդուրժողականութեան, կառավարման ու աշխատանքի արդիւնաւէտութեան բարձրացման: Սա արդէն կը լինի բոլորիս յաջողութիւնը:
Սիրելի ՛ հայրենակիցներ,
Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցութեամբ հնարաւորութիւն կ՛ունենանք արագ արդիւնքներ արձանագրել առանցքային ոլորտներում եւ տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր:
Պահպանելով աւանդական արժէքները՝ միաժամանակ բաց եւ հանդուրժող լինել զարգացող արտաքին աշխարհի համար: Ձեր միջոցով այլ ազգերի մշակոյթների լաւագոյն հմտութիւնները փոխառնել ու նաեւ աւելի ճանաչելի դարձնել Հայաստանը աշխարհին:
Անկախ նրանից, թէ որ երկրում ենք ապրում, ես ներքին համոզմունք ունեմ, որ բոլորիդ ուշքն ու միտքը Հայաստանում է, եւ բոլորիդ մօտ հպարտութեան ու արժանապատուութեան զգացողութիւնը պայմանաւորուած է նաեւ Հայաստանի բարեկեցութեամբ: Ուրեմն ամէն ինչ անենք, որպէսզի մէկս միւսին ուժեղացնենք, միաւորուենք ու միասին կառուցենք երկրի ապագան, որպէսզի մեր երեխաները վստահ լինեն, որ Հայաստանը ժամանակ անց չի զիջելու առաջադէմ այն երկրներին, ուր հայերը յաճախ գնում են լաւ կեանքի ակնկալիքով:
Վստա՛հ եղէք, ամենալաւ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու:
Մեր երկրի ապագայով մտահոգ, անհանգիստ ու պարզապէս սրտի կանչ ունեցող իւրաքանչիւր հայ մարդ անելիք ունի այս ճանապարհին:
Անկախ ապրելու վայրից, կուսակցական պատկանելութիւնից եւ սոցիալական դիրքից՝ մենք բոլորս ունենք մէկ գաղափար, որի շուրջ պէտք է միաւորուենք եւ համախմբուենք՝ ուժեղ, պատմական արժէքներն ու աւանդոյթները պահպանող, բայց եւ ժամանակակից, հպա՛րտ Հայաստան:
Կոչ եմ անում՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտութեամբ մեզ հայ կոչենք:
Սիրով սպասում ենք ձեզ: